«Ավելի վատ է, որ թիմակիցներից ոչ ոք չդատապարտեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անվայել գրառումը». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

Տիկի՛ն Ալեքսանյան, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթից հետո իշխանական թիմի ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով պատասխանեցին իրենց երբեմնի թիմակցին: Պատասխանողների շարքում էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գրառումը հանրային մեծ արձագանք ստացավ: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում արդեն սովորական դարձած երևույթը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները սոցիալական ցանցերում են ծավալում քաղաքական և ոչ միայն քաղաքական դիսկուրսը:

– Բնականաբար՝ շատ վատ, իսկ կոնկրետ գրառման մասով կարող եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին անվայել գրառում է: Ալեն Սիմոնյանը չի պատկերացնում՝ որտեղ է գտնվում ու ինչպես պետք է իրեն պահի, լավ կլինի՝ մի իմիջմեյքեր վարձի, որն անընդհատ կհուշի իր քայլերը կամ կզսպի:

Հանրությունը երբեք՝ նախկինում էլ, որևէ մեկից չի լսել նման վիրավորական ու անպարկեշտ արտահայտություններ, իսկ այսօրվա ԱԺ նախագահը «վայելում» է այդ ազատությունը: Նման պահվածքն ուղղակի անհարիր է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, ու այդ պահվածքն անհարգալից է ընդհանրապես ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ու մենք տեսանք, որ իրենց թիմից որևէ մեկը չդատապարտեց այդ պահվածքը, ինչն ավելի վատ է, քան Սիմոնյանի գրառումը:

Դատապարտման ու Ալեն Սիմոնյանի հրաժարականի ակնկալիք կար նաև այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութը, որում նա խոսում էր հայ ռազմագերիների մասին, բայց, ինչպես տեսանք, չեղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Սա ինչի՞ մասին է խոսում, որ ողջ քաղաքական թի՞մն է նույն կարծիքին, ինչն արտահայտում է Ալեն Սիմոնյանը:

– Դրանից առաջ վարչապետն էր, չէ՞, հայտարարել, որ պետք է դատել գերիներին, ինչի իրավունքը նա չուներ, որովհետև դա ուղղակի ցուցում էր իրավապահ մարմիններին: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն նրա ոճով պետք է խոսեր ու այդպես էլ արեց, ցավոք սրտի, այդ գերիները հիմա կալանքի տակ են:

Ալեն Սիմոնյանին դրա համար դատապարտեցին գրեթե բոլորը՝ բացի սեփական թիմից, դա, երևի, իրենց մոտ սկզբունք է, բոլորը լսեն ու ծափահարեն:

Տիկի՛ն Ալեքսանյան, երբ գտնում եք, որ կան դատապարտելի արարքներ, բայց քաղաքական թիմը ոչ միայն չի դատապարտում, այլև ամեն գնով փորձում է արդարացնել թիմակցին, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այդ քաղաքական թիմից:

– Տեսանելի է, որ այս թիմի վարկանիշն ամեն օր նվազում է, ու, ինչպես նախկինները, սրանք ևս ուղղակի երկար չեն կարող պահել իշխանությունը: Կառչելով չէ, մի օր էլ իրենք են հեռանալու, ու իրենց հեռացումն ավելի շուտ է լինելու, քան նախկիններինը եղավ:

Ի՞նչ էիք ակնկալում, ԱԺ նախագահի այդ գրառումից հետո ի՞նչ գործընթաց պետք է հետևեր:

– Ալեն Սիմոնյանին պետք է անվստահություն հայտնեին, համենայնդեպս, Հայկ Մարությանին չենք տեսել այնպիսի վիճակում, ինչպիսին Ալեն Սիմոնյանին ենք տեսնում: Նրան պետք է անվստահություն հայտնեն, նա չի կարող այդ պաշտոնում գտնվել ու նման հայտարարություններ անել, դա անընդունելի է ու շարունակական բնույթ է կրում՝ մեկ գերիների հարցով, հիմա էլ՝ մարդու մասին վիրավորական բառերով գրառում է անում, որը կարդում են բոլորը:

Ենթադրո՞ւմ էիք, որ հենց հեղափոխական թիմը կդրսևորի նման վարքագիծ, որովհետև հիշում ենք, որ հենց իրենք էին մերժում ու դատապարտում այս կարգի բազմաթիվ երևույթներ:

– Մենք այդ մասին չէինք մտածում հեղափոխության ընթացքում, մենք մտածում էինք՝ ինչպե՛ս ազատվենք նախկիններից: Հեղափոխությունը մեզ համար, բոլոր դեպքերում, մնում է մեկ այլ արժեք: Հակված էինք մտածելու, որ երիտասարդ են ու ձեռնամուխ կլինեն երկիրը փոխելու գործին, որովհետև երկիրը ծանր վիճակում էր, բայց տեսանք, որ այս իշխանությունն ամբողջությամբ անհամարժեք է պահում իրեն ստեղծված իրավիճակում, չունի պատասխանատվություն, ուշադրություն մարդկանց նկատմամբ:

Հեղափոխական իշխանության հասցեին հնչող հիմնական քննադատություններից է եղել նաև պարգևավճարները ու պետական բյուջեի հաշվին մեծ ծախսեր անելը, տիկի՛ն Ալեքսանյան, ու այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ խորհրդարանի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսելու են միանվագ դրամական պարգևատրմամբ: Ի դեպ, նույն Ալեն Սիմոնյանը, որն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնում է սույն թվականի օգոստոսի 2-ից, Հայաստանի պետական բյուջեից միայն 7 երկիր կատարած գործուղումների համար ծախսել է շուրջ 57 մլն դրամ (120 հազար ԱՄՆ դոլար) գումար: Նորմա՞լ եք վերաբերվում այս ամենին:

– Սա բացատրություն չունի, Մարությանն իր ելույթում շատ լավ ասաց, որ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրում պետական պաշտոնյայի նման պահվածքն անընդունելի է: Սա անբարոյականություն է, ու իրենք բոլորն էլ այդպես են ապրում, վայելում են իշխանությունը, այսպես ասած, ոչինչ չունեմ ասելու, դա մարդկային պահվածք չէ, որ ես կարողանամ որևէ գնահատական տալ դրան:

Ուզում են արժանանալ այն ատելությանը, որին արժանացան նախկինները, այդ մերժողական վերաբերմունքին են ուզում արժանանալ այս պահվածքով: Գլուխները կորցրած, դե, Ալեն Սիմոնյանի մասին չասեմ, նա կարծում է, թե ծնվել է ցոփ ու շվայտ կյանքի համար: Այդ պարգևատրումներն էլ նա կարծես անում է ի հակառակ հանրության: Իշխանության գալը Ալեն Սիմոնյանի համար չէր, հիմա որ եկել է, սիրում է հրամայել, լրագրողներին ասում է, չէ՞, որ ես անցնում եմ, դուք պետք է ոտքի կանգնեք, չգիտեմ՝ ինչ որակում տալ այս ամենին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am