Նիկոլ Փաշինյանը տեսակապով եղել է HARDtalk-ի հայտնի հաղորդավար Սթիվեն Սակուրի հյուրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով եղել է BBC հեռուստաընկերության հայտնի HARDtalk հայտնի հաղորդավար Սթիվեն Սակուրի հյուրը։

Այս հաղորդմանը հյուրերը պատասխանում են բավական քննադատական, ծանր և նույնիսկ պրովոկացիոն հարցերին։ Սակուրը նույնիսկ վարչապետին հիշեցրել է Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ առանց դիմակի լինելը։

Զրույցի սկզբում Փաշինյանը ամփոփ ներկայացրել է իր՝ իշխանության ղեկին երկամյա գործունեության արդյունքները, խոսել տնտեսական հեղափոխությունից, դատական համակարգի հետ կապված խնդիրներից։ Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչներին կալանավորելու կամ նրանց մեղադրանք առաջադրելու մասին հարցին, Փաշինյանն ասել է․ «Ես չեմ որոշում՝ ում ձերբակալել և ում ազատ արձակել»։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին կատարվածի մասին, վարչապետը նշել է, որ հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը։ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղություն չի կարող լինել միայն Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի արդյունքում։ Նա մեղադրել է Ադրբեջանին և մասնավորապես, Իլհամ Ալիևին պատերազմական հռետորաբանության և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մեջ։

ՀՀ վարչապետը BBC-ի եթերում հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու բացատրել՝ ինչ նկատի ունի նման հայտարարություն անելով։