Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

«Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ:

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է այդ թվում նաև ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: