«Ես ինձ չեմ ներում».Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից

«Ես ինձ չեմ ներում».Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից
«Ես ինձ չեմ ներում».Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից

Օրեր շարունակվող հասարակական ցասումից հետո՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում գազանաբար ծեծված, իսկ հետո հոսպիտալում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո, քիչ առաջ ռեստորանի սեփականատեր Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:

Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

© Medialab.am