«ՀՀԿ-ի կեղծարարական մեքենան կայացած էր, ՔՊ-ինը կայացման փուլում է, ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս հարցում են դիլետանտ»․ Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքը հաշվի առնելով` ինչպե՞ս եք գնահատում գործընթացը։

– Միանշանակ համընդհանուր գնահատական տալը դժվար է։ Եթե ընտրությունների արդյունքները դիտարկենք մեր նեղ կուսակցական շահերի պատուհանից, խոշոր հաշվով, որոշ տեղերում շատ լավ արդյունքներ են եղել մեզ համար, այսինքն՝ ունենք լիակատար, առանց կոմպրոմիսի հաղթանակ, որոշ տեղերում լավ արդյունք չենք գրանցել։

Եթե ընդհանուր պատկերին նայենք, բավականին լավն են մեր արդյունքներն առնվազն այն փաստով, որ մոտ 70000 բնակիչ ունեցող Գավառ խոշորացված համայնքում իրավունքի ուժով մեր առաջին համարի թեկնածուն համայնքի ղեկավար է դառնալու։ Այս տեսանկյունից, բնականաբար, գնահատականս լավն է, բայց կա երկրորդ հանգամանքը՝ ընտրությունների որակը։ Այնտեղ, որտեղ ես եմ մասնակցել ընտրությունների, նույնիսկ այնտեղ, որտեղ մենք հաղթել ենք, ընտրությունների որակը ամեն հաջորդ անգամ նախորդից ավելի վատն է լինում։

Այս անգամ ակնհայտ էր, որ մարդիկ կիրառում են ընտրակեղծիքի տարածված ձևերից «կարուսելը»՝ քվեաթերթիկներ են անհետանում, ինչ-որ մարդիկ քվեաթերթիկներ են դուրս տանում, դեպքեր են եղել, որ թողել են նկարել քվեարկած քվեաթերթիկը, ինչը հարկադրանքի մասին է խոսում, որովհետև ազատ քվեարկող մարդիկ ինչո՞ւ պետք է նկարեն քվեաթերթիկը։

Եղել են նաև կուտակումների դեպքեր, որոշ տեղերում ես եմ ստիպված հանձնաժողովի անդամներին բացատրել, որ իրենք իրավունք չունեն ձայների հաշվարկի ընթացքում մեր թեկնածուին ներս չթողնել, այսինքն՝ դիտավորյալ ու օրենքի չիմացության պատճառով, դրան գումարած ինքնավստահությունն ու զոռբայությունը զանգվածային խնդիրներ են առաջացրել ընտրությունների որակի մասով։ Բոլոր այն տեղերում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված էր, ներգրավված էին նաև ՀՀԿ-ի ընտրակեղծարարները, ներգրավված էին քրեական աշխարհի տարբեր դերակատարներ։

Գործի են դրվել և՛ վարչական, և՛ քրեական սպառնալիքի տարբեր մեխանիզմներ, ընտրությունների որակն այս է՝ ո՛չ խաբելու, ո՛չ թաքցնելու բան չունեմ։ Կրկնում եմ՝ սա եղել է այն տեղերում, որտեղ մենք հաղթել ենք, ու պետք է արձանագրեմ, որ մենք հաղթել ենք այդ համակարգին, իրենք ջախջախիչ պարտություն են կրել՝ նույնիսկ այդ մեթոդները կիրառելով։

– Ձեր խոսքից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի գրառումն առ այն, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ապացուցում են, որ ընտրությունները կեղծելու փորձեր չեն արվել, իրականությանը չի՞ համապատասխանում։

– Եթե վարչապետը նման արձանագրում աներ որպես ԵԱՀԿ-ի դիտորդ, ես կասեի՝ դե, ոչինչ, բա պետք է գրեր, որ քայլ առաջ է, բայց մյուս տեսանկյունից, որ մեր ներքին խնդիրներում, բնականաբար, պետք է ինքներս մեզ համար բարձր նշաձող դնենք ու ավելի անհանդուրժող լինենք մեր արարքների նկատմամբ, այս գրառումը բացարձակ անհիմն է։

ՀՀԿ-ի կեղծարարական մեքենան կայացած էր, ՔՊ-ինը կայացման փուլում է, ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս հարցում են դիլետանտ։ Այո՛, լցոնումներ չեն եղել, բայց դա չի եղել նաև 2017-ին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կեղծարարական մեքենան հասել էր մի մակարդակի, երբ քվեատուփի պարունակությունը փոխելու խնդիր չէր առաջանում, ու բնավ չի նշանակում, որ եթե Նիկոլ Փաշինյանենք չեն հասել այս կետին, ապա չեն էլ հասնի։ Գրառումը, խոշոր հաշվով, բարոյական հաղթանակի մասին էր, ուրիշ բան չկար այդտեղ։

– Ասացիք, որ կիրառել են և՛ վարչական, և՛ քրեական սպառնալիքի մեխանիզմներ, փաստացի ապացույցներ ունե՞ք այս մասով, պարո՛ն Նահապետյան։

– Նայած՝ ինչ որակի ապացույց նկատի ունեք, օրինակ՝ կա արձանագրված, որ անձը գործող գյուղապետ է, ՔՊ-ի թեկնածու է ընտրատեղամասի դիմաց կանգնած, ուղղորդում է ընտրողներին, ինչի իրավունքը չուներ։ Ունենք դեպքեր, երբ մարդկանց նախատել են այս կամ այն թեկնածուին աջակցելու համար։ Այլ տեղերում այլ որակի խախտումներ են դրսևորվել։

Քրեական հեղինակությունների մասով մի հարց տամ․ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը հենց ընդունվեց, հաջորդ օրն արդեն քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տարիների ընթացքում արդեն իսկ բավարար փաստեր են եղել, որ մի մարդ ազատության մեջ չմնար:

Հարց՝ եթե երկու տարվա ընթացքում այդ օրենքը որևէ փաստացի կիրառում չի ունեցել ազդեցիկ քրեական շրջանակի վրա, ինչի՞ է ծառայում օրենքը։ Էդ ո՞նց է ստացվում, որ մարդուն բռնում-տանում են, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, թե քրեական հեղինակություն ենք բռնել, բայց հոդվածը, որով մեղադրվում է տվյալ անձը, զենք պահելու կասկածանք է և ոչ թե քրեական ենթամշակույթի շրջանակ գլխավորելու։

– Եթե օրենքը չի կիրառվում, ինչպես ասում եք, ըստ ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունը նման օրենք ընդունեց։

– Եկեք պնդում չանեմ, բայց ասեմ, որ խոշոր հաշվով, այս օրենքն ընդունել են քաղաքական նպատակներով քրեական աշխարհը իրենց շահերին ծառայեցնելու կամ, առնվազն, իրենց հետ կոմպրոմիսի գնալու համար։

– Պարո՛ն Նահապետյան, չնայած ձեր նշած ընտրախախտումներին, այնուամենայնիվ, եղան մի շարք քաղաքներ, որտեղ իշխանության ներկայացուցիչները պարտություն կրեցին։ Սա ինչո՞վ եք բացատրում, իսկապե՞ս սա ժողովրդավարության ցուցիչ է, ինչպես ասում է վարչապետը։

– Բնականաբար, ես ուրախ եմ, որ, որպես ընդհանուր միտում, Նիկոլ Փաշինյանը տեղական մակարդակում ևս մոնոպոլ իշխանություն չի հաստատում՝ անկախ իշխանության որակից։ Ինչո՞ւ է այդպես ստացվում, դա պետք է ամեն առանձին դրվագով դիտարկենք, բայց, խոշոր հաշվով, ՏԻՄ ընտրությունները մարդու տան դիմացի բորդյուրի (եզրաքարի) մասին ընտրություն են, ու մարդը կարող է հավատալ-չհավատալ Նիկոլ Փաշինյանի լավ ղեկավար լինել-չլինելուն, բայց մարդը հստակ հասկանում է՝ դիմացի մարդը՝ Նիկոլ Փաշինյանի նկարով մայկա հագած, կարո՞ղ է այդ բորդյուրի հարցը լուծել, թե՞ ոչ։

Քանի որ ՔՊ-ն հիմնականում ընտրում է մարդկանց, որոնք սեփական նասկիները լվանալիս էլ խնդիրների կհանդիպեն, այդ պատճառով էլ այսպես է ստացվում։

– Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ասում են, թե իշխող քաղաքական թիմը պառակտվում է, թե նրանց պարտությունը մոտ է։ Համակարծի՞ք եք։

– Ո՛չ, ես չեմ ուզում այդ հերոինը տալ, չեմ ուզում բթացնել մեր հանրային գիտակցությունը, բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանին ու փաշինյանիզմը փոխարինող քաղաքական գաղափար, հոսանք, այլ ապրելակերպ, այլ հայեցակարգ՝ և՛ ներքին, և՛ արտաքին, չի ձևավորվել, Նիկոլ Փաշինյանն իշխանության է մնալու միշտ կամ այնքան ժամանակ, քանի դեռ չեն որոշել դրսից այդ հարցը լուծել։

Հայաստանի ներսից փոփոխությունների գնալու համար անհրաժեշտ է ալտերնատիվի ձևակերպում, քանի դեռ դա չկա, այդ մարդը մենակ էլ մնա, միայն մանկապարտեզի երեխաների հաշվին կարողանալու է իր իշխանությունը պահել։ Պետք չէ մեր ժողովրդին անտեղի եզրագծին մոտենալու սպասումներ ներարկել, որովհետև դա բթացնելու է մարդկանց ռացիոնալիզմն ու ինչ-որ բան ձեռնարկելու վճռականությունը։

Մենք շատ-շատ հեռու ենք Նիկոլ Փաշինյանից ու փաշինյանականությունից ազատվելու եզրից, ես համաձայն չեմ մեր ընդդիմադիր գործընկերների այն մտքին, թե Նիկոլ Փաշինյանի տապալումը մոտ է, որովհետև մենք ոչինչ չենք արել, որ այդ տապալումը մոտ լինի, մենք ընդամենը բալանսավորել ենք նրա միահեծան իշխանությունը որոշ համայնքներում։

– Ձեր ընդդիմադիր գործընկերներն այդ հանգամանքները հաշվի չե՞ն առել, որ նման հայտարարություն են անում, ինչ եք կարծում։

– Կարծում եմ, որ նրանք խաղում են ժանրի կանոններով, բայց ուզում եմ ասել, որ այդ կանոնները, որոնք մինչև 2012-2013 թվականներն ընդունված էր կոչել ռեժիմը խուճապի մեջ է, հանգեցրեց նրան, որ այդ տեքստերն ասողները ծաղրի առարկա դարձան 2013-ից ի վեր, ու այդ տեքստը միայն ընդդիմությանը ծաղրելու համար էր հնչում արդեն։

Սա լավ հեռանկար չէ, այն վնասելու է և՛ մեր հանրությանը, և՛ ընդդիմադիրներին։ Մենք քաղաքական գործիչ ենք, մենք կա՛մ հարցը պետք է լուծենք, կա՛մ չենք կարողանալու լուծել։ Հարցը լուծելու համար պետք է հասկանալ դրա մասշտաբը։ Երբ քո դիմաց փիղ է կանգնած, ու դու ամբողջ ժողովրդին համոզում ես, թե մուկ է, հեսա վրայով կանցնենք, ոտքի տակ ես ընկնում։ Ես չեմ ուզում մեր ժողովրդին տանել ոտքի տակ ընկնելու ճանապարհով, ես հստակ ասում եմ, որ այս պահին մեր դիմաց փիղ է կանգնած:

Հենց մենք ինչ-որ բան ձեռնարկենք, նա մուկ կդառնա, իսկ ինչ-որ բան ձեռնարկելու համար պետք է հստակ սահմանել՝ ի՞նչ է լինելու այդ մարդու գնալուց հետո, բոլորը պետք է իմանան՝ ինչի համար ես դու գալիս ու ինչու ես այդ մարդուն հեռացնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am