Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: 

Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:  

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։