Տեղեկություն է շրջանառվում, թե Ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին․ պարզաբանում

Սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին, և այս կապակցությամբ ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ:

Ոստիկանությունը պարզաբանում է հրապարկել, որում նշվում է․ 

«Հայտնում ենք, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: 

Նախատեսված է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման կանխում, թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության ֆինանսական հենքերի քայքայում, ինչպես նաև թմրամիջոցների, զենք-զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում և առգրավում:

Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում»: