Սևանի քրեական հետախույզները գործարանային համարով ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերել

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։

Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։