Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել են նաև ՌԴ գլխավոր դատախազի առաջիկա այցին վերաբերող հարցեր

Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: 

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, մասնավորապես նաև ՌԴ գլխավոր դատախազությանը այս ուղղությամբ իրականացվող ակտիվ քայլերի համար և նշել ամենօրյա շփումներով գործընթացի շարունակման մասին:        

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր:  

Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկինն այս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:   

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։