«Սուրմալու»-ի պայթյունի քրեական գործով չկան փաստական տվյալներ ահաբեկչության վերաբերյալ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով այս պահին առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե արդյոք դիտարկվե՞լ է ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության վարկածը, արդյոք այս պահի դրությամբ կա՞ն այդ վարկածները հիմնավորող կամ բացառող հանգամանքներ:

ՔԿ նախագահը ասաց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում նաև վարչապետի կողմից նշված վարկածները:

«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,- ասաց Քյարամյանը:

Վարչապետի խոսքով՝ դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, սակայն վերջանական եզրակացություն պետք չէ անել:

«Տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Նաև վիզուալ տեղեկությունները, որ ունենք, գրեթե բացառում են այդ հանգամանքը»,- ասաց Փաշինյանը: