Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու

Թեև ՀԱԿ-ը նախաձեռնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հասարակական գործընթաց, սակայն նախորդող երկու շաբաթվա զարգացումները ցույց տվեցին, որ ՔՊ-ն կարծես թե որոշում է կայացրել, որ խորհրդարանի նախագահը չի պատժվի, իսկ իրավապահ մարմինները հնազանդորեն կատարել են վերևներից եկած հրահանգը և քրեական վարույթ չեն հարուցել «Ձեռքերը բռնել-թքելու» օպերացիայի համար: 

Չնայած նրան, որ ՔՊ կուսակցության ներսում աճում է դժգոհությունը ԱԺ նախագահից, որը շարունակում է իր երեխայական և մանկամիտ արարքներով հայտնվել խայտառակ իրավիճակներում՝ իր հետ քաշելով նաև իր կուսակից ընկերներին, ՔՊ-ականները որոշակի կաշկանդվածություն են զգում Ալեն Սիմոնյանի դեմ արտահայտվելուց, թերևս միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է մեկուսացնում հին ՔՊ-ականներին, որոնցից ամենաբարձր պաշտոն ունեցողը այսօր Ալեն Սիմոնյանն է, և առավել պատասխանատու պաշտոնների է նշանակում կամ անկուսակցականների, կամ տարբեր կուսակցություններ փոխած նորահայտ ՔՊ-ականների: 

Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետները անկուսակցական Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն են, իսկ ՔՊ կուսակցությունում նրա տեղակալները՝ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը և ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող Վահագն Ալեքսանյանը, որոնք ՔՊ ընդդիմություն եղած ժամանակ չեն եղել կուսակցության անդամ, չեն հետապնդվել, չեն մասնակցել քաղաքացիական անհնազանդության ակցիաների, թերևս բացառությամբ Պապոյանի ակցիան Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց, սակայն այդ դեպքում Պապոյանը ՀՀԿ-ի կողմից էր հանդես գալիս: 

Ինչևիցե, ձեռքերը բռնելու և թքելու զազրելի գործողությունը և վերջինիս իրավական ինդուլգենցիան, ըստ էության, ստեղծում են մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանություններից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների համար կանաչ լույս է վառվում իրենց զայրույթը թքելու միջոցով արտահայտելու համար, և թքելու օբյեկտ դառնալու հեռանկարը սպառնում է ոչ միայն թքելու հանրահռչակման ավանգարդիստ Ալեն Սիմոնյանին, այլև ըստ էության իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի՝ տեղական, համայնքային և մարզային մակարդակներում: 

Դատեք ինքներդ. եթե այժմ Հայաստանում իշխանությունների նկատմամբ կուտակված դժգոհությունը հնարավոր չէ արտահայտել սոցիալական ցանցերում, քանի որ անընդհատ խստացվում են քրեական և վարչական պատասխանատվության միջոցները ամեն բառի և արտահայտության համար, և հնարավոր ամեն գործողություն քրեականացվել է և խիստ գրաքննության տակ է դրվել, ակտիվ քաղաքական ակցիաներ չկան, ընդդիմությունը կիսամեռ վիճակում է և ժամանակ առ ժամանակ հայտնվում է, որպեսզի օգնի իշխանությանը ոտքի տակի հողը պնդացնելու, միակ անփորձանք (արդեն իրավապահ մարմինների կողմից հավաստագրված) և արդյունավետ բողոքի ակցիան դառնում է իշխանության ներկայացուցիչների վրա թքելը: 

Ըստ էության, Ալեն Սիմոնյանը իր երևանցի տղա լինելու հիմնավորմամբ թքելու օպերացիան իրականացնելով, իր հերթին և իրավապահ մարմինները դրան իրավական գնահատական չտալով՝ իրենց հերթին բացեցին այն Պանդորայի արկղը, որի պատճառով ՔՊ-ականներն առաջիկայում կարող են առերեսվել թքված լինելու զանգվածային ակցիաների՝ լինեն սրճարաններում, ռեստորաններում, այգիներում թե ուղղակի փողոցում քայլելիս: 

Ո՛րն է սրա ելքը. նվազագույնը իրավապահ համակարգի կողմից իրավական գնահատական, որը չի ծնի անպատժելիության մթնոլորտ Հայաստանում թքելու առումով:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանը՝ նույն ինքը Թոխմախի Մհերը, երբ տարիներ առաջ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ միջանցքում սպառնաց պոկել ծնոտը, մի քանի օր հետո ներողություն խնդրեց լրագրողից իր խոսքի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես պատգամավոր դատապարտում է նմանատիպ երևույթները: 

Մեկ այլ դեպքով պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, բռնաբարելու և գլխատելու կոչեր հնչեցրեց բոլոր այն մարդկանց հասցեին, որոնք կհամարձակվեն այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասաբար արտահայտվել, և մի այլ դեպքով էլ սպառնաց թքել Պարույր Հայրիկյանի դեմքին, քանի որ վերջինս հայտարարել էր, թե ԵԱՏՄ միացմանը կողմ քվեարկողները «իշի քուռակ են»: 

Ալեն Սիմոնյանը հանդիսանում է մի քաղաքական ուժի անդամ, որը իշխանության է եկել, որպեսզի Թոխմախի Մհերը կամ Շմայսը չսպառնա և բռնաբարության կոչեր չհնչեցնի, ոչ թե նրա համար, որ Շմայսի կողմից թքելու սպառնալիքը իրականություն դարձնեն: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում կա մի կետ, որն է՝ «Կուսակցության անդամներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է։ Կուսակցությանն իրենց անդամագրվելու պահը համարում են մի զրոյական-հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակին միտված կարևորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը»: 

Դե ինչ, Ալեն Սիմոնյանը կարծես թե առաջիններից մեկն է, որ սկսել է սեփական անձի վերափոխումը՝ դառնալով աշխարհի խորհրդարանի եզակի ղեկավարը, որը թքել է քաղաքացու դեմքին, որից հետո ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, չի պաշտոնազրկվել, այլ նաև քաղաքական գնահատականի էլ չի արժանացել:

Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու:

Մարի Ներսեսյան

MediaLab.am