«Ծայրահեղ իրավիճակն անցյալում թողեցինք, վարակի լայնածավալ երկրորդ ալիք չեմ կանխատեսում». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացությունը նվազում է, վարչապետն ու առողջապահության նախարարն ասացին, որ իրավիճակը կայունացել է։ Ո՞ր փուլում ենք գտնվում։

– Մենք կարծես թե ծայրահեղ իրավիճակն արդեն անցյալում թողեցինք։ Արդեն մեկ շաբաթ է՝ դրական թեստերը 30 տոկոսից ցածր են՝ թեստավորվածների 22-25 տոկոսի սահմաններում է։ Վերջին մեկ շաբաթը՝ ամսի 23-ից սկսած, օրական կտրվածքով 10-ից պակաս մահվան դեպքեր ենք ունենում։ Այսինքն՝ մահերի նվազման միտում էլ կա։ Ծանր ու ծայրահեղ դեպքերի թիվն էլ է կայունանում, այսինքն՝ ընդհանուր նվազման միտում է նկատվում։ Հատկապես վերջին ցուցանիշն է շատ ուրախալի՝ թեստավորվածների 16,6 տոկոսն է դրական։

Նախարարն ասաց, որ պիկը կարծես թե հուլիսի 6-ին է եղել։ Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ պիկը հաղթահարել ենք, և հակահամաճարակային միջոցառումնե՞րն են արդյունք տվել։

Գիտեք, անցկացված միջոցառումները բազմազան են եղել՝ նախ սահմանափակումներն էին տեղաշարժի տեսանկյունից։

Միջոցառումներն իրենց անմիջական արձագանքը չեն ստանում վիճակագրական տվյալներում, որոշակի լագ ունեն՝ միջոցառում և արդյունքներ, ինչը մենք տեսնում ենք այս համաճարակի դեմ պայքարում։

Այստեղ նաև հանրության ընկալումն էր կարևոր՝ այս հիվանդության կարևորության և անհատական միջոցառումների օգտագործման տեսանկյունից։

Եվ ես միշտ ասել եմ, նորից կրկնեմ՝ մեր քաղաքացիները ժամանակին չեն դիմում բուժօգնության։ Դեռ շարունակվում է քաղաքացիների կողմից ձգձգելը, առաջին նշանների դեպքում սկսում են հարևաններից, ծանոթներից հարցնել, բայց անմիջապես պետք է դիմել առաջնային բուժօգնության համակարգ ՝մասնագիտական խորհրդատվություն ու բուժում ստանալու համար։ 

Հաջորդ գործոնն այն է, որ բացի դիմակ կրելուց և մյուս միջոցառումներից, ըստ իս, առաջանում է նաև հանրային անընկալության շերտ՝ իմունային բարիեր, որն իր հերթին արդեն սկսում է ազդել համաճարակի տարածման վրա։

Այսինքն՝ համաճարակի նվազման գործոնները բազմազան են։ Եվ այստեղ համալիր ազդեցություն ենք մենք տեսնում։ Հուսանք, որ առաջիկայում նվազման միտումները կպահպանվեն, և օգոստոսի կեսերին, իմ կարծիքով, կունենանք արդեն բավական կայուն իրավիճակ։

Աշխարհում կարծես թվերն աճում են, ի՞նչ միտում է։

– Թեպետ անընդհատ հայտարարվում է, որ աշխարհում համաճարակն աճում է, բայց դա պանդեմիային բնորոշ երևույթ է՝ նորանոր տարածքներ են ընդգրկվում։ Մեծ երկրներ են, որոնք աստիճաբար են ընդգրկվում համաճարակաբանական պրոցեսի մեջ, ուստի գումարային աճը շարունակվում է։ Բայց Եվրոպայում ունենք ցուցանիշների բավական լավ վիճակ։

– Վերջին օրերին դարձյալ անընդհատ բարձրացվում է հարցը՝ կլինի՞ երկրորդ ալիք, թե՞ ոչ։ ԱՀԿ մասնագետներն էլ հայտարարում են, թե կլինի, որոշ ժամանակ անց հայտարարվում է, թե մեկ փուլով կավարտվի։ Քանի որ առջևում աշուն է, մարդկանց մեջ անորոշություն է այս առումով։

Դրանք կարծիքներ են, բոլորս էլ իրավունք ունենք մեր կարծիքը հայտնելու, այդ թվում՝ ԱՀԿ-ն։ ԱՀԿ-ի կարծիքներին արդեն լավագույնս ծանոթացել ենք կես տարի և ավելի, պարբերաբար իրարամերժ կարիքներ են հնչում նույն կառույցի տարբեր մասնագետների կողմից։

Մի մասն ասում է՝ երկրորդ ալիք կլինի, մյուս մասը հերքում է ։ Իմ կարծիքն այն է, որ երկրորդ ալիք չի լինի, որովհետև երկրորդ ալիք հասկացությունը այն է, որ պանդեմիան աշխարհում ամբողջությամբ պետք է ավարտվի, ռիսկերի արձանագրումը պետք է հասնի զրոյի, դրանից հետո նորից դեպքեր արձանագրվեն, և աճ նկատվի, որպեսզի մենք փաստենք, որ ունենք պանդեմիայի երկրորդ ալիքը։

Իսկ սա մարելուց հետո ամբողջ աշխարհով մեկ կլինեն դեպքեր, օջախներ, բայց լայնածավալ երկրորդ ալիք ես անձամբ չեմ կանխատեսում։

Ասում են՝ պատվաստանյութ է լինելու, իսկ եթե պատվաստանյութ լինելու է, ուրեմն բնակչության մոտ պետք է իմունային շերտ էլ առաջանա։

Այդ իմունային շերտը 4 ամիս կտևի, թե 6 ամիս կամ 1 տարի, բայց կունենանք որոշակի ժամանակ, և այդ վիրուսի հետագա վարակելիությունն արդեն կնվազի։ Եվ խոսել երկրորդ ալիքի մասին, հստակ կանխատեսումներ անել, ինձ թվում է՝ անշնորհակալ գործ է։

Ես կարծում եմ, որ աշնանը կունենանք սեզոնային գրիպի դեպքեր, կարող են նույնիսկ բռնկումներ լինել։ Վիրուսային վարակները մարդկությանն ուղեկցել են հազարամյակներ շարունակ։ Ուղղակի կորոնավիրուսը շատ են հաշվում, մնացած վարակների դեպքում չեմ հիշում, որ այսպես հաշվեին։ 

Դիտարկենք ևս մեկ շաբաթ, եթե մեզ մոտ նվազման միտումը շարունակվի, և եթե նման պատասխանատվությամբ շարունակենք մեր բոլոր միջոցառումները, օգոստոսին բավական լավ ելքեր կունենանք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am