«Հիմա աշխարհում որևէ տեղ չկա, որ մարդիկ իրենց ապահով զգան, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենան». Արմեն Սողոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբույժ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը

– Պարո՛ն Սողոյան, Հայաստանում մարդը հոգեբանական ի՞նչ վիճակում է, ի՞նչ խնդիրներ եք նկատում, հատկապես պատերազմից հետո:

– Մայիս-հունիս ամիսների մեր հետազոտությունները ցույց են տվել, որ 2021 թվականի համեմատ 2 տոկոսով աճել են միջին և ծանր սթրեսի մեջ գտնվող մարդկանց թիվը, ինչպես նաև հոգեմարմնական խանգարումների ցուցանիշը:

– Իսկ որո՞նք են պատճառները, կա՞ ուսումնասիրություն:

– Պատճառները ընդհանուր են՝ չլուծված խնդիր, ամենօրյա լարվածություն, անպաշտպանվածության զգացում և, ամենակարևորը՝ տեղեկատվական տեռոր: Ընդհանուր առմամբ, լուրջ մեխանիզմների կիրառմամբ մեր երկրի վրա ազդեցություն է գործադրվում և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական հարթություններում:

Ընդ որում՝ ամբողջ աշխարհում է այդպես, միայն մեր երկիրը չէ: Համարյա պատերազմական վիճակ է, որը շատերն անվանում են հիբրիդային պատերազմ, և մարդը բոլորովին անպաշտպան է դարձել դրա նկատմամբ:

Դրան պետք է հատուկ, պետական մոտեցմամբ հակազդվի, որի մեջ կներգրավվեն բանակը, հատուկ ծառայությունները: Հնարավոր է՝ Հայաստանում այդ կառույցները զբաղվում են, և քանի որ գաղտնի է, չի խոսվում այդ մասին:

– Երբ ասում եք՝ մարդն անպաշտպան է, ինչպե՞ս է դա արտահայտվում:

– Քաղաքակրթական փոփոխությունները չափազանց արագ են կատարվում, և ժամանակակից մարդը, մեր կարծիքով, դրան պատրաստ չէ, նրա ֆիզիկական, հուզական և նույնիսկ ինտելեկտուալ հատվածները չեն հասցնում համապատասխան ձևով արձագանքել:

Այսօր մարդկանց մեծ մասը դեռևս հին մեխանիզմներն է կիրառում, ինչն անում էր 10-20 տարի առաջ: Նույնը՝ շատ պետություններ ու կազմակերպություններ: Մինչդեռ ամեն տարի լուրջ փոփոխություններ են կատարվում, մարդկանց վրա ազդելու, ապրանքը, քաղաքական պրոդուկտը «վաճառելու» նոր գործիքներ են հայտնաբերվում: Նման իրավիճակում մարդը, անկախ նրանից՝ որտեղ է ապրում, դառնում է անպաշտպան: Դա ամենուր է, ոչ միայն Հայաստանում: Ուղղակի ես կարծում եմ, որ լուրջ պետությունները քայլեր են ձեռնարկում՝ գոնե ուղղորդելու այդ ազդեցությունը: Բայց դժվար է պատկերացնել այնպիսի ճկուն պետություն, որը կարողանա արագ հարմարվել և մտածել իր բնակչությանը այդ ազդեցություններից զերծ պահելու մասին:

Այսօր մարդու հոգեկան առողջության մասին մտածելը շատ կարևոր է, քանի որ մարդիկ ցանկացած գործողություն կատարում են՝ ելնելով իրենց ներսում եղած իրավիճակից: Երբ մարդու ներսում հոգեբանական խնդիրները շատ են, ցանկացած արտաքին ազդակ կարող է արթնացնել այն:

– Այդ ազդակները շատացե՞լ են՝ հաշվի առնելով պատերազմը ու դրան հաջորդող իրադարձությունները:

– Այո՛, այդ ազդակները չափազանց շատ են հիմա: Այսօր մի քանի րոպե նստեք հեռուստացույցի առաջ, կապ չունի՝ «Բի Բի Սի՞» եք նայում, թե՞ «Հայլուր», նույն իրավիճակի առաջ եք հայտնվում:

– Իսկ ձեր շփումներն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հայաստանցին:

– Ես կարող եմ ընդհանուր բաներ ասել. ժամանակակից մարդը ավելի կախված է միջավայրից, և գործնականում իր սեփական որոշումներն ընդունելու հնարավորությունները նվազագույնի են հասել ու գնալով նվազում են: Ու ամենևին կապ չունի՝ Հայաստանո՞ւմ է այդ մարդն ապրում, թե՞ այլ երկրում:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կա անորոշություն, կա վտանգի, անպաշտպանվածության զգացողություն: Ոչ մեկը չգիտի՝ ինչ պետք է անել:

Նույնիսկ ամենալուրջ վերլուծական կենտրոնները, որոնք նախկինում տասնամյակների կանխատեսումներ էին անում, հիմա չեն կարողանում անգամ երեք ամսվա կանխատեսում անել, որովհետև ընդհանուր խաղի կանոնները գործնականում չեն գործում:

– Ձեր խոսքից կարելի է դատել, որ Հայաստանում ծագած անվտանգային խնդիրները սո՞ւր չեն…

– Ո՛չ, ո՛չ, անվտանգային խնդիրներ կան ամենուր, ամբողջ մարդկությունը վտանգված է, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացին:

– Բայց կարծես երկու տարի առաջ մարդիկ Հայաստանում հոգեբանական լուրջ խնդիրների առաջ չէին, չկար անորոշություն…

– Երկու տարի առաջ Ռուսաստանում էլ էին մարդիկ լավ ապրում, Եվրոպայում՝ նույնպես: Հայաստանում մենք ուղղակի մի քիչ առաջ ընկանք, 2020-ին մեզ մոտ պատերազմ եղավ, հետո անվտանգային խնդիրները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ: Հիմա աշխարհում որևէ տեղ չկա, որտեղ մարդիկ իրենց ապահով զգան, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենան ու գոհ լինեն իրենց տնտեսական վիճակից:

Պատերազմից հետո անորոշությունները, իհարկե, սաստկացնում են իրավիճակը, բայց այնպես չէ, որ մենք շատ ենք տարբերվում մյուս երկրների բնակիչներից:

Խնդրին ձևավորված լուծում չկա: Մենք՝ մասնագետներով մոտարկված եզրահանգումներ ունենք և գուցե թե մոտ ժամանակներում առաջարկություններ ներկայացնենք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am