Ո՛չ անցյալին, կեցցե՛ քառակուսի ներկան. Աֆրիկյանների պատմամշակութային շենքը՝ քանդման վտանգի տակ

Ո՛չ անցյալին, կեցցե՛ քառակուսի ներկան. Աֆրիկյանների պատմամշակութային շենքը՝ քանդման վտանգի տակ
Ո՛չ անցյալին, կեցցե՛ քառակուսի ներկան. Աֆրիկյանների պատմամշակութային շենքը՝ քանդման վտանգի տակ

Պատմամշակութային շինությունները փրկելու համար պայքարողները չեն դադարեցնելու իրենց բողոքը, թեպետ կառավարությունն ու քաղաքապետարանը հետամուտ չեն իրենց խոստումներին:
Իրենց պայքարին հավատարիմ՝ այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 18:30-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Դեպի Աֆրիկյանների տուն» միջոցառման մասնակիցներն ու նրանց համակիրները շաբաթօրյակ են կազմակերպում՝ Տերյան 11 հասցեում գտնվող շենքի տարածքն ու ներսը աղբից մաքրելու համար՝ այդպիսով բողոքելով պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քարերի համարակալման դեմ:
Մշակույթի նախարարությունը, ի դեմս հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի, համարակալումը օրինական է համարում՝ նշելով, որ այն կառավարության՝ դեռեւս 2004-ին ընդունված որոշման հիման վրա է իրականացվում, ըստ որի՝ որոշ հուշարձաններ քաղաքից տեղափոխվում են:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, սակայն, չի հավատում, որ այդ շինությունը որեւէ տեղ վերականգնվելու է.
«Մեզ մոտ երբեք հուշարձանների պահպանում չի լինում, դա միայն քանդում են համարակալելով ու ասելով, որ տեղափոխում են, բայց ինչպես նախկին փորձը ցույց է տալիս, այդպես քանդում են բոլոր հուշարձաններն ու պատմամշակությաին շինությունները»,- «Մեդիալաբին» ասում է նա՝ ՝ կոչ անելով բոլորին իր նման միանալ քաղաքացիական նախաձեռնությանը, որը ջանում է պահպանել ինչպես փակ շուկան, այնպես էլ այս շենքը:

«Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության հեղինակ Ժիրայր Ավանյանն իր հերթին ահազանգել է Աֆրիկյանների շենքի համար եւ սպասում է պատասխանի:

Այս տարի ավելի վաղ՝ ապրիլին, նա «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության համահեղինակների հետ Երեւանի պատմության թանգարանում ցուցահանդես էր կազմակերպել, որտեղ մայրաքաղաքի կենտրոնում նորակառույց բարձրահարկների կողքին հին պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը պահպանելու ճարտարապետական նոր լուծումներ էին առաջարկել:

Ցուցահանդեսին ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոնք բանավոր համաձայնության էին եկել կազմակերպիչների հետ պատմական շենքերն չքանդելու մասին:

«Ստացվում է՝ մեր կազմակերպած ցուցահանդեսը հենց այնպես ժամանակ անցկացնելու համար էր: Այն, որ այդ շենքն այժմ համարակալել են, նշանակում է, որ մեր արած աշխատանքը ջուրն ընկավ»,- ասում է Ավանյանը՝ համոզված, որ ժողովրդական շարժումը կարող է դադարեցնել դա:

Նա հավելում է, որ հին վարկածի համաձայն այդ շենքը պետք է քանդեին, քանի որ փողոցը նեղացնում է դեպի Հյուսիսային պողոտա երկկողմանի շարժումը. «Ճիշտ է՝ այդ շենքը նաեւ վթարային վիճակում է, բայց քանդելը լուծում չէ, դա պետք է վերանորոգել ոչ թե քանդել»:

Աֆրիկյանների տոհմը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտական ոլորտների զարգացման գործում՝ հատկապես Երեւանում բազմաթիվ բարեգործություններ անելով: Նրանց մասնակցությամբ եւ միջոցներով է կառուցվել մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին, նրանք մեծ գումարներ են ներդրել ճանապարհաշինարարության մեջ, կառուցել գործարաններ:

«Դեպի Աֆրիկյանների տուն» միջոցառման մասնակիցները խոստանում են երբեք թույլ չտալ վերացնել Երեւանի պատմության մեջ մեծ դեր ու նշանակություն ունեցած այս տոհմի պատմությունը՝ նրանց նվիրված պատմամշակութային շենքը քանդելով:

«Արդեն հերի’ք է, տեսել ենք դրա արդյունքն ու էլ թույլ չե’նք տալու մեր քաղաքի շենքերը խղճուկ քարակույտերիի վերածել… Այժմ Աֆրիկյանների երբեմնի շքեղ տունը աղբանոցի է վերածվել: Հիշեցնենք ՀՀ կառավարությանը և այս տարածքով գայթակղված բիզնեսմեններին, որ մոռացության չենք մատնել մեր արժեքները, որ տեր ենք կանգնելու մինչեւ վերջ»,- ահազանգում են ակտիվիստները:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

© Medialab.am