ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 12։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր (բեռնատարների համար) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։