«Անարգել են մեր տղաների դիերը, հաղորդում եմ ներկայացրել, սպասում եմ՝ քրգործ հարուցվի». Փաստաբանը՝ զինծառայողների մասունքների մասին

Օրերս համացանցում լուսանկարներ ու տեսանյութ տարածվեցին, որոնցում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մասունքներն էին պոլիէթիլենային տոպրակներով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի նկուղի հատակում, անխնամ թափված: Լուսանկարների տարածումից ու հանրային մեծ աղմուկից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց, իսկ այսօր արդեն հայտարարվեց, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Կատարվածի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ փաստաբան Գարիկ Գալիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Մեդիալաբին» տեղեկացրի՝ Գալիկյանի դիմումն այսօր ստացել են, որի ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի՝ կտրվի՞ ընթացք դրան, թե՞ ոչ:

«Մեդիալաբը» ներկայացված հաղորդման վերաբերյալ մի քանի հարց է ուղղել փաստաբան Գարիկ Գալիկյանին:

Պարո՛ն Գալիկյան, ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում եք ներկայացրել՝ Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ: Ինչո՞ւ չեք սպասել, մինչև նշանակված ծառայողական քննությունն ավարտվի, և կա՞ն բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար:

Ծառայողական քննություն կարող են նշանակել ու մարդուն նկատողություն տալ կամ, առավելագույնը՝ աշխատանքից ազատել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել, չեմ կարծում, թե կարելի է բավարարվել միայն անձին նկատողություն տալով, որովհետև այսօր պղծել ու անարգել մեր տղաների դիակները, որոնք հանուն մեզ կյանքները զոհեցին, համաձայնեք, որ ծառայողական քննությունը պարզապես ձեռառնելիք է:

Իրենց ներքին կանոնակարգով կարող են ծառայողական քննություն նշանակել, ես, իմ ընկալմամբ, գտնում եմ, որ կա քրեորեն պատժելի արարք, այսինքն՝ հանցակազմ արարքում, այդ պատճառով էլ հաղորդում եմ ներկայացրել:

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Կոտայքի մարզի դատախազի տեղակալի հետ, որը հսկում է գործը, արդեն նյութերը նախապատրաստվում են: Չեմ ուզում ավել բան ասել, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը չկաշկանդվի, բայց ես կարծում եմ, որ քրեական գործն ամեն դեպքում կհարուցվի, իսկ թե ինչ հոդվածներով և մեղադրանքներով՝ այս պահին չեմ կարող ասել:

Այսինքն՝ գտնում եք, որ համապատասխան հիմքերն առկա՞ են՝ գործի առնչությամբ քրգործ հարուցելու համար, և Դատախազությունը ձեր հաղորդմանն ընթացք կտա:

– Կարծում եմ՝ այո՛, բայց ժամանակը ցույց կտա, ինձ թվում է, որ մեկ-երկու օրվա հարց է, որովհետև ես առձեռն եմ մուտք արել Գլխավոր դատախազություն, կարծում եմ, որ ըստ ընթացակարգերի, գործը կուղարկեն Կոտայքի դատախազություն, որտեղ էլ որոշումը կկայացվի՝ հարուցե՞լ գործ, թե՞ ոչ: Այս պահին նախապատրաստվում են նյութեր:

Ես զրուցել եմ նաև այն մարդկանց հետ, ովքեր այդ ամենը նկարահանել են ու տեղադրել համացանցում, մասնավորապես՝ Արսեն Ղուկասյանի հետ: Որքան ներում են մասնագիտական կարողություններս ու մարդկային արժեքներս, հետևողական եմ լինելու այդ գործին:

Պարո՛ն Գալիկյան, իսկ ինչ եք կարծում՝ կատարվածի հիմնական պատասխանատուն ո՞վ է:

– Բոլորն էլ մեղավոր են, ես չեմ ուզում ամբողջ բեռը բարդել նախարարի վրա, որովհետև մեկ անձը չի կարող հսկողություն իրականացնել բոլոր տեղերում: Կարծում եմ՝ տեղի մարդիկ պետք է մի քիչ նորմալ վերաբերվեին, և եթե կար խնդիր՝ բարձրաձայնեին, իսկ եթե իրենք որևէ մեկի հրամանն են կատարել…

Էլի եմ ասում, բոլորն առանց բացառության մեղավոր են կատարվածի համար՝ ինձանից, ձեզանից սկսած, բայց կոնկրետ ո՞վ է մեղավոր, ո՞ւմ մեղադրանք կառաջադրվի կամ չի առաջադրվի, քննությունը ցույց կտա: Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել, որ նախաքննող մարմնին չկաշկանդեմ:

Եթե զգանք, որ այն ճիշտ չի աշխատում, օբյեկտիվորեն չի մոտենում խնդրին, այն ժամանակ մենք ինքներս կբարձրաձայնենք մանրամասները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab