ՍԴ-ն վարույթ է ընդունել Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկելու շուրջ ընդդիմության դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ որոշման սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ։

ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին մասի՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի 2021 թ․ օգոստոսի 2-ին ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության։

Գործը կքննվի 2022 թ․ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որպես պատասխանող կողմ է ներգրավվել Ազգային ժողովը։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարել էր, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։