Կա ծայրահեղ սցենար, որը բնակչության էվակուացիան է, եթե Արայիկ Հարությունյանը դա նկատի ուներ, միշտ էլ կարելի է անել. Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, Արցախի Հանրապետության նախագահը նստացույց հայտարարեց ու մեկ շաբաթ ժամանակ տվեց և՛ Հայաստանին, և՛ մյուս դերակատարներին, եթե այդ ընթացքում արցախցիների կյանքի որակը չփոխվի, ապա իրենք կդիմեն ավելի «կոշտ գործողությունների»։ Նախ նստացույցի դիմելու հանգամանքն ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ՝ այդ ի՞նչ «կոշտ գործողություններ» են արվելու, ու ինչո՞ւ դրանք հիմա չեն անում։

– Նախագահի որոշումը հուսահատությունից դրդված որոշում է, ես չեմ հասկանում, թե այդ որոշումն ինչպե՛ս կարող է ազդել որևէ դերակատարի պահվածքի կամ գործողությունների վրա, այսինքն՝ այդ քայլի արդյունավետությունը մեծ հարցականի տակ է։ 

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, կարծում եմ՝ այստեղ ևս հստակ ինչ-որ ճանապարհային քարտեզ գոյություն չունի, ամենայն հավանականությամբ, նույն բնույթի ինչ-որ գործողություններ կրկին կիրականացվեն: 

Այս փուլում, այնուամենայնիվ, Արցախի իշխանությունները պետք է զբաղվեն կոնկրետ, պրակտիկ, ամենօրյա խնդիրների լուծմամբ, քաղաքացիական ակցիաների կարող են մասնակցել այլ գործիչներ, անհատներ, հասարակությունը կարող է մասնակցել՝ ցույց տալու համար իր բողոքը ու նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այս հարցին, բայց մի քիչ տարօրինակ է, որ երկրի ղեկավարը, ինչպես նաև պետնախարարը զբաղված են նման գործողություններով, երբ ամենօրյա ռեժիմով պետք է զբաղվել լուծումների փնտրտուքով, փորձել բանակցել գետնի վրա գտնվող ուժի՝ ռուսական խաղաղապահ առաքելության հետ՝ ինչ-որ լուծումներ գտնելու ու հումանիտար վիճակը մեղմելու համար։

– Բայց նախագահն ասաց, թե այդ նստացույցը բնավ չի խանգարելու իրենց գործառույթների իրականացմանը։

– Ես չեմ կարծում, թե չէր խանգարելու, այսինքն՝ նախագահը կարող էր իր աջակցությունը հայտնել ժողովրդական շարժմանը, կարող էր ելույթ ունենալ նույնիսկ այդ հանրաքվեին, բայց, ինչպես արդեն նշեցի, այդ գործողության պրակտիկ օգուտը ես չեմ տեսնում: 

Կարծում եմ՝ ինչ-որ չափով նաև անլրջացնում է այդ ինստիտուտի նշանակությունը տարբեր դերակատարների, մասնավորապես՝ նույն ռուսական կողմի մոտ: Պետք է հասկանալ, որ նմանատիպ գործողություններով դժվար է ինչ-որ ճնշում գործադրել թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմի վրա, նրանք լրիվ այլ տրամաբանությամբ աշխատող, այլ քաղաքական միջավայրում գտնվող դերակատարներ են, ու նմանատիպ քայլերով պարզապես հնարավոր չէ նրանց ինչ-որ բան ստիպել կամ համոզել։

– Իսկ Հայաստանում ու Արցախում մեկնարկած արդեն հասարակական մակարդակով գործող ակցիաները որևէ արդյունք ապահովելո՞ւ են։

– Դժվար է նմանատիպ ակցիաներով ազդել Ադրբեջանի կամ Ռուսաստանի պահվածքի վրա, այդ ակցիաները լավագույն դեպքում կարող են ուշադրություն սևեռել գոյություն ունեցող խնդրի վրա, նկատի ունենալով առաջին հերթին արևմտյան երկրների ներկայացուցիչներին, ու պահանջել ավելի ակտիվ գործողություններ։ Բայց այն, որ մարդիկ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, արդեն իսկ դրական է։ 

– Պարո՛ն Գրիգորյան, կարծես թե թերահավատ եք Արայիկ Հարությունյանի ասած հետագա կտրուկ գործողությունների նկատմամբ, եթե կարծում եք, որ դրանք չկան, ապա ստացվում է, որ Արցախի ղեկավարությունը փորձում է ժամանա՞կ շահել։ Եթե իրոք այդպես է, այդ ժամանակը հօգուտ մե՞զ է աշխատում, թե՞ ի վնաս։

– Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ի՛նչ կտրուկ գործողությունների մասին է խոսքը, կա՞ արդյոք տեսական նմանատիպ կտրուկ գործողությունների հավանականություն։ Կա ծայրահեղ սցենար, որը բնակչության էվակուացիան է, եթե Արայիկ Հարությունյանը դա նկատի ունի, ապա դա միշտ էլ կարելի է անել, այսինքն՝ ծայրահեղ այս որոշումն է, որ մի օր, գուցե, ստիպված են լինելու կայացնել։ 

Ինչ վերաբերում է ժամանակ ձգել կամ չձգելուն, մեծ հաշվով, ինչ-որ այլ լուծման հնարավորություն կա՞, այսինքն՝ ո՞րն է լուծումը, ընդունե՞լ Ադրբեջանի հետ ինտեգրման օրակարգը: Այդ պարագայում օրերից մի օր գալու ենք այդ ծայրահեղ լուծմանը, չեմ կարծում, թե Արցախում որևէ մեկը պատրաստ է ապրելու ադրբեջանական ուղիղ վերահսկողության պայմաններում։ Մեծ հաշվով, ինչպես ասացի զրույցի սկզբում, հուսահատությունից դրդված որոշում է։

– Այսինքն՝ բանակցությունների ընթացքին հետևելով՝ կարծում եք՝ այդ ինտեգրման օրակարգն անխուսափելի՞ է։

– Դե, Ադրբեջանն առաջ է տանում այդ օրակարգը, ինչպես տեսնում եք, Հայաստանի իշխանությունների կողմից էլ առանձնակի դիմադրություն չկա այդ օրակարգին: Բրյուսելյան վերջին հանդիպումը դրա լավագույն օրինակն է, թե ինչպես այդ Աղդամից եկող ճանապարհի վերաբերյալ տեքստը մտցվեց հայտարարության տեքստի մեջ՝ մեծ հաշվով Երևանի համաձայնությամբ։ 

Ամեն ինչ կախված է արտաքին խաղացողներից ու այս պարագայում՝ Ռուսաստանի դիրքորոշումից, քանի որ, այնուամենայնիվ, ռուսական կողմին էլ ձեռնտու չէ, որ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կլանվի Ադրբեջանի կողմից, որովհետև այդ դեպքում կվտանգվի խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը։ Լուծումներ այս փուլում կարծես թե չկան, ու, այո՛, իրավիճակը շատ բարդ է, ու դժվար է ինչ-որ լավատեսական կանխատեսումներ անել։ 

– Պարո՛ն Գրիգորյան, բայց եթե հաշվի առնենք Ռուսաստանի ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարությունն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։ Մենք կարծում ենք, որ այս պարագայում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դնել երրորդ երկրների վրա», ապա ի՞նչ շանսեր կան, որ Ռուսաստանը կպայքարի, որ Արցախն ամբողջությամբ չանցնի ադրբեջանական վերահսկողության ներքո։

– Դուք նշեցիք այդ հայտարարության առաջին պարբերությունը, բայց այնտեղ կային այլ կետեր, օրինակ՝ այն, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատելու միջազգային հանրության հետ ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: 

Պետք է նշել, որ սա բավական տարբեր է մի քանի շաբաթ առաջ նույն ռուսական կողմի դիրքորոշումից, երբ նրանք ամեն կերպ թիրախավորում էին ամերիկյան կողմի ներգրավվածությունը ԼՂ-ի հետ կապված հարցերում: Հայտարարության վերջին պարբերությունում գնահատականները նաև շատ հստակ էին, այսինքն՝ նշում են, որ միջանցքը պետք է բացվի: 

Ի տարբերություն Շառլ Միշելի հայտարարության՝ այնտեղ չկան որևէ զուգահեռներ Աղդամի ճանապարհի հետ, օգտագործում են «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, ինչը ևս բավական ցավոտ էր Ադրբեջանի համար, ու տեսանք, որ Ադրբեջանն արձագանքեց այդ հայտարարությանը, և այս փուլում ինչ-որ դիվանագիտական հեռակա բանավեճ է ընթանում Բաքվի ու Մոսկվայի միջև: 

Նախորդ օրն արդեն Ռուսաստանի փոխարտգործնախարարը ոչ կոռեկտ համարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այդ հայտարարությունը՝ նշելով, որ, այո՛, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միևնույն ժամանակ համարում է, որ ԼՂ-ի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է հասցեագրվի: 

Այսինքն՝ ամեն ինչ այնքան էլ սև ու սպիտակ չէ, պարզ է նաև, որ հայտարարության այդ առաջին պարբերությունը հրապարակվել էր ի պատասխան տարբեր մեղադրանքների, որոնք հնչում են Հայաստանից ռուսական կողմի նկատմամբ, այդ մեղադրանքները, չեմ ասում, որ լեգիտիմ չեն, իսկ հայտարարության բովանդակային մասը հենց այն էր, ինչի մասին նշեցի։

– Հետևելով Հայաստանի վարած քաղաքականությանն ու բանակցությունների ընթացքին՝ գործող իշխանությունը դեպի ո՞ւր է տանում արցախյան հիմնախնդիրը։

– Այս իրավիճակը, որ ունենք, նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է։ Վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ գնալով միակողմանի զիջումների, առաջին հայացքից՝ փոքր զիջումների, իրավիճակը հասցրել են մի կետի, որ Շառլ Միշելի հայտարարությամբ արդեն Լաչինի միջանցքի գոյությունն է կասկածի տակ դրվում, չնայած կան Միջազգային դատարանի որոշում, Եվրախորհրդարանի տարբեր բանաձևեր և այլն։ 

Սա ինչ-որ ապաշնորհ, ոչ կոմպետենտ դիվանագիտության հետևանք է, ու եթե այսպես շարունակվի, խոսքը ոչ միայն Արցախի ապագայի մասին է լինելու, այլև ընդհանրապես Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, շատ վտանգավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ հենց Հայաստանի հետ կապված հարցերում։ 

– Այսպես չշարունակվելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք, թե՞ Հայաստանի գործող իշխանությունը ամեն գնով շարունակում է գնալ իր որդեգրած՝ խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով։

– Չէ՛, նախադրյալներ չեն երևում, բայց գոնե ինչ-որ ակնկալիք կա, որ նույնիսկ այս որդեգրած օրակարգի ներքո ավելի կոմպետենտ քաղաքականություն կարող է վարվել, որովհետև տեսանելի է, որ հայկական կողմը տարբեր բանակցություններին պատրաստված չի ներկայանում։ 

Օրինակ՝ ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը այդ հանդիպմանը բարձրաձայնելու էր Աղդամի ճանապարհի մասին, որովհետև Բայրամովը մինչ այդ հրապարակային խոսել էր այդ մասին: Հայկական կողմն արդեն իսկ ռացիոնալ փաստարկներ պետք է ունենար, որպեսզի համոզեր, բացատրեր, թե ինչու այդ ամենը չի կարելի ներառել հայտարարության տեքստում, բայց, փաստացի, նման բան տեղի չունեցավ, ու ստացանք ևս մեկ լուրջ զիջում, որն ազդելու է գետնի վրա եղած իրավիճակի վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am