Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանը, որը մինչև այդ եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել պետական բյուջե։
2021 թվականի փետրվար-հունիս ամիսներին Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին ենթադրյալ խախտումներ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել. պարզվել էր, որ 2016-2018 թվականներին Դեպարտամենտի այդ ժամանակվա ղեկավար Կարեն Փոլադյանի հրամանով մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաև Ղազարյանը, իբրև թե, գործուղվել են տարբեր մարզեր ու դրա դիմաց օրապահիկ ստացել։
Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանը, Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող Ղազարյանը պետությանը հասցված վնասը վերականգնել է նախաքննության ընթացքում։
Դատախազությունը հայտնել է նաև, որ 2021 թվականի հոկտեմբերին արդեն որոշվել է Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և կարճել քրեական վարույթը «նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։
Ավելի վաղ FIP.am-ը գրել էր, որ 2022 թվականին ՀՀ-ն վատթարացրել էր դիրքը կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվում՝ ի հեճուկս կառավարության խոստման։
Նանե Մանասյան