Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանավորված։ Դատախազությունը որոշում է կայացրել մերժել պաշտպանական կողմի՝ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Մեղադրող դատախազը, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն՝ կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպե՞ս եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Աշոտ Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։