Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է: Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։

Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։