Հայ-իրանական համագործակցության խորացումն այլընտրանք չունի․ Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անցյալ շաբաթվա ընթացքում ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական դաշտում իսկական վայնասուն էր բարձրացվել Հայաստանում Իրանի դեսպանի՝ Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահման և Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցերի պատճառով։

Ադրբեջանցի գրչակները, նույն՝ նախկին մեխանիզմով ու մոտեցմամբ, կարծես մեկ ընդհանուր կենտրոնից ստացած հրահանգով և մեկ ընդհանուր «վերլուծական կաթսայում» միախառնել էին հայ-իրանական բարեկամությունից բխող «բոլոր սպառնալիքները», մուսուլմանական երկրի կեղծ համերաշխությունը, Իրանի հակաադրբեջանական «կարմիր գծերը» և այլն։

Ստացվում է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը միտված տասնամյակների քաղաքականությունն անփոփոխ կերպով նույն բովանդակությամբ ու բառապաշարով շարունակվում է նաև այս ուղղությամբ։ Այդ ուղեգծի անքակտելի բաղադրիչ է նաև Հայաստանի և Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի շարունակական գեներացումն ադրբեջանական հասարակության շրջանում, որը ևս ապահովվում է նույն ծավալով։

Իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական համագործակցության համակողմանի ամրապնդմանն ու խորացմանը, ապա նաև հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով՝ դրանք այլընտրանք չունեն երկու բարեկամական երկրի համար էլ։ Իսկ այս ուղղությամբ հետևողական ջանքերը պետք է տեսանելի լինեն, ներկայացվեն բացառապես երկկողմ հարաբերությունների տիրույթում՝ որևէ թշնամական կամ անգամ բարեկամական երկրի խանդից կամ հակազդեցությունից խուսափելու համար»։