«Վագներ»-ը դադարեցրել է վարձկանների հավաքագրումը. «Ազատություն»

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված Տելեգրամ ալիքները հաղորդագրություններ են հրապարակել վարձկանների հավաքագրումը մեկ ամսով դադարեցնելու մասին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հաղորդագրություններում ասվում է, որ կասեցման պատճառը Ուկրաինայի հետ պատերազմին «ժամանակավորապես չմասնակցելն» է և ընկերության տեղափոխումը Բելառուս։

«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մարտին հայտարարել էր Ռուսաստանի 42 քաղաքներում վարձկանների հավաքագրման կենտրոնների բացման մասին։ Հունիսի 23-ին և 24-ին Մոսկվայի դեմ վագներականների ապստամբությունից հետո հավաքագրման կետերը սկսեցին փակվել: Ռուսաստանի քաղաքների փողոցներից սկսել են ապամոնտաժել «Վագներ»-ում աշխատանքի տեղավորման գովազդային վահանակները:

Հունիսի 24-ի երեկոյան Կրեմլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվեց Պրիգոժինի հետ, որ նրա վարձկանները վերադառնան ճամբարներ, խոստանալով, որ դրա դիմաց՝ նրանք քրեական հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կփակվի, իսկ ինքը՝ Պրիգոժինը, կմեկնի Բելառուս։ Ոչ պաշտոնական տվյալներով, Բելառուսի՝ Ուկրաինայի հետ սահմանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոգիլյովի շրջանում արդեն վարձկանների համար ճամբար է կառուցվում։ Թե ինչ են անելու այնտեղ, հայտնի չէ։