Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

Զինադադարն անխուսափելի էր՝ Արցախը փրկելու համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Հարությունյանը նշեց, որ կոնսուլտացիաներ է սկսել Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ, մինչև այդ էլ բոլորի հետ կապվել է, շփվել: «Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցչի հետ, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝  Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի և այլոց հետ: Եկել եմ մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ որոշումները դեռ առջևում են:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ առաջիկայում կոնսուլտացիների, բոլորի հետ քննարկումներից հետո ավելի մանրամասն կներկայացնի այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն: Հարությունյանը նշեց նաև, որ վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել: «Եվ բոլորն էլ անխտիր միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ մենք շարունակում ենք պատերազմը, շարունակում ենք կռվել: Բոլորը տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները: Բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, քանի որ օրերի ընթացքում, գուցե տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը և շատ-շատ մարդկային կյանքեր՝ մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է»,-ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի ընտանիքների, հարազատների առջև, ցավ է ապրում: «Շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս մի քանի օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտացել, որ հասարակությունը չիմանա այն դառնությունները, որը մենք ունենում էինք ամեն օր»,-ասաց նա ու շեշտեց՝ ամեն ինչ դեռ առջևում է: