Մինչև տարեվերջ հայտնի կլինի՝ Հաագայի դատարանը կբավարարի Հայաստանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումը, թե ոչ․ Ազատություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանը մինչև տարեվերջ կպատասխանի Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու դիմումին, գրում է Ազատությունը։

Նախքան գլխավոր հայցի քննումը, Հայաստանը խնդրել էր անհապաղ զբաղվել գերիների ազատ արձակման, Բաքվում գտնվող ռազմավարի պուրակի փակման ու ևս մի քանի հարցով։

«Նաև ունեինք պահանջ մշակութային արժեքների ոչնչացման դադարեցման, պահպանության ուղղված քայլերին, նաև հայերին հասանելիություն տրամադրելու պահանջին: Նաև ունեինք պահանջ, որը վերաբերում էր ընդհանուր ապացույցների պահպանմանը և ապահովագրմանը այն տարածքները, որոնք վերահսկվում են այս պահին նաև Ադրբեջանի կողմից, հիմնական բովանդակային պահանջները սրանք էին», – ասաց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հաագայից օրերս վերադարձած Կիրակոսյանը նկատում է, որ մինչև դատարանի որոշումը Բաքվի ռազմավարի պուրակից հեռացվել են հայ զինվորներին ծաղրող մանեկենները և Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում պահվող 5 գերի։ Թեև Հայաստանին ՄԱԿ-ի դատարանի ամբիոնից պատասխանելիս Ադրբեջանը հիմնավորել էր, թե պուրակը «ագրեսորի նկատմամբ արդարության հաղթանակի խորհրդանիշ է», իսկ «գերիներն իրականում հրադադարից հետո գործած դիվերսանտներ»։

«Երկու օր անց Ադրբեջանը ազատ արձակեց, վերադարձրեց հինգ հայ ռազմագերու, որոնք դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման, հետևաբար, Ադրբեջանը հակասեց ինքն իրեն: Այսինքն դատարանի առջև ասած իրենց թեզն իրավաբանական արդեն անիմաստ դարձավ, որովհետև իրենք պնդում էին, որ իրենք հանցագործներ են, դատապարտված են և այլն, բայց արի ու տես իրենք շատ լավ էլ կարողացան լսումների վերջին օրը ազատ արձակել հինգ հոգու: Ուզում եմ ասել՝ իրենց գործողությունները ակնհայտ ցույց են տալիս իրենց փաստարկների դատարկ լինելը», – ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում