«Թեկնածու չառաջադրել». ՀՅԴ ԳՄ հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ

«Թեկնածու չառաջադրել». ՀՅԴ ԳՄ հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ
«Թեկնածու չառաջադրել». ՀՅԴ ԳՄ հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ

Առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Գերագույն մարմինը: Այդ մասին տեղեկացնում է yerkir.am-ը:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է.

Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական պլատֆորմի շուրջ, հանդես գալ ընդդիմադիր միասնական ճակատով։

Այս նախաձեռնությունը և առաջարկված քաղաքական օրակարգը դրական արձագանք ունեցան. առկա էին գործընթացն արդյունավորելու որոշակի նախադրյալներ։ Հնարավորություն կար առնվազն վերականգնել ընտրությունների հանդեպ ժողովրդի խաթարված վստահությունը, որակական նոր իրավիճակ առաջացնել, իրապես մրցակցային ընտրություններ անցկացնել և իշխանափոխության հնարավորություն ստեղծել: Սակայն համախմբումը այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու ջանքերը:

Հաշվի առնելով առկա իրողությունները և մեկնելով վերոհիշյալ հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում է.

1. 2013 թ. Փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրել։

2. Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել Գերագույն մարմնին` հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին։

3. Քաղաքական բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը»:

Տեղեկացնենք, որ այս շաբաթ չառաջադրվելու մասին հայտարարել էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններում շատերի համար իշխանություններին միակ այլընտրանքն էր, ասել է, որ չի առաջադրվում՝ հաշվի առնելով իր տարիքը:

«68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,-նշել է նա:

© Medialab.am