«Նոր կառավարությունը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կվկայեն, որ կա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու». Սոնա Այվազյան

«Նոր կառավարությունը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կվկայեն, որ կա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու». Սոնա Այվազյան
«Նոր կառավարությունը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կվկայեն, որ կա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու». Սոնա Այվազյան

Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում պետք է հստակ քայլեր ձեռնարկի, բայց զանգվածային ձերբակալություններ պե՞տք է լինեն, թե՞ ոչ՝ այս հարցը պետք է քննարկել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների վերջին օրերի հայտարարություններին:

«Միանշանակ այս ժամանակավոր կառավարությունը պետք է անի քայլեր, որոնք կվկայեն, որ կա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում: Եվ այն անձինք, ովքեր ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, նրանք համապատասխան պատասխանատվություն պետք է կրեն: Այսինքն՝ կարծում եմ, որ դա ժամանակավոր կառավարության համար կարևոր խնդիր է՝ ցույց տալ իր հայտարարությունների անկեղծությունը և այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ մայիսի 23-ից ապօրինի հարստացման վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվելու, կոռուպցիոն բացահայտումներ են լինելու: Նրա խոսքով՝ 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում և հարկեր չեն վճարում: Նրանց անձնագրերը վերցրել են և բիզնես են գրանցել: Վանեցյանը նաև հայտարարել է, որ յուրացված գումարները հետ են բերվելու բյուջե:

Հարցին՝ միայն գումարնե՞րը պետք է հետ բերվեն պետբյուջե, թե՞ նաև քրեական պատիժներ պետք է լինեն, Սոնա Այվազյանը պատասխանեց, որ այդ հարցով գուցե պետք է քննարկումներ ծավալել և քաղաքականություն որդեգրել, թե ի՛նչ մոտեցում է կիրառվելու: «Այսինքն՝ կարող են լինել տարբեր տարբերակներ: Մենք այնքան էլ կողմ չենք համատարած ձերբակալությունների տարբերակին, բայց եթե կան մարդիկ, ովքեր պետական գույք ու ֆինանսներ են յուրացրել, պետք է վերադարձնեն պետական բյուջե: Եվ նաև մոտեցումներ պետք է որդեգրվեն, թե արդյոք բոլո՞ր ներգրավվածները պետք է նույնկերպ պատասխանատվություն կրեն, թե՞ միայն բարձր օղակների պատասխանատու պաշտոնատար անձինք: Այդ հարցերը դեռ բաց են, բայց ամեն դեպքում ժամանակավոր կառավարությունից ակնկալվում է, որ նրանք պետք է շատ ակտիվ լծվեն այդ գործին»,- հավելում է մասնագետը:

Սոնա Այվազյանի խոսքով՝ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, մյուս կողմից՝ երկրում նախկինում ակնհայտ հանցագործություններ են եղել, որոնք տարիներ շարունակ չեն բացահայտվել, թեև բոլորն էլ տեղյակ են եղել, որ նման հանցագործություններ եղել են: Քանի որ Հայաստանի բնակչության բավական մեծ հատված է ներգրավված եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, դժվար է այնպիսի մոտեցում որդեգրել, որ ով ներգրավված լինի՝ պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս պահին, նաև հաշվի առնելով հանդուրժողականության ու համերաշխության կոչերը, ըստ մասնագետի, համատարած ձերբակալություններն արդյունավետ մոտեցում չեն լինի: Բայց պետք է որոշել այն օղակները, պատասխանատվության մակարդակները, թե ո՛ր պարագայում պետք է պատասխանատվություն կրել:

Անդրադառնալով այս օրերին հանրության պահանջներին, որ օֆշորային սկանդալների գործերը պետք է վերաբացվեն, Սոնա Այվազյանն ասում է, որ ժամանակին նախկին իշխանությունները շատ գեղեցիկ կերպով կոծկեցին դրանք: Եվ օֆշորի գործով անցնող ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հայտնվեց Ազգային ժողովում: «Միանշանակ, օֆշորային գործերով պետք է համապատասխան հարցումներ արվեն համապատասխան երկրների մարմիններին, պետք է ստանալ ինֆորմացիա և դրա հիման վրա շարունակել քննությունը»,- նշեց Այվազյանը:

Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը օրերս նաև հայտարարել էր, որ առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին կստեղծվի: Սոնա Այվազյանի խոսքով՝ այս ստեղծվելիք մարմնի հարցով դեռևս քննարկումներ պետք է ընթանան: «Մենք տեսակետ ունենք, որ միասնական մարմնի անհրաժեշտություն չկա, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը հենց միասնական մարմնով չի պայմանավորված: Պարզապես եթե ամեն մարմին իր առջև դրված գործառույթներն իրականացնի, արդյունավետ պայքար կընթանա: Մենք կարծում ենք, որ այդ թեման դեռևս պետք է քննարկվի, ընդհանուր հայտարարի պետք է գալ»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ այս պահին խնդիրն այն է, որ չկա մեկ մարմին, որն իրավապահ ֆունկցիաները կկենտրոնացնի և պրոֆեսիոնալ կիրականացնի: Դրա անհրաժեշտությունն իսկապես կա, որովհետև այսօր կոռուպցիոն հանցագործություններով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը, բայց մասնագիտացված կառույց չէ այդ առումով: Հետևաբար, կարիք կա, որ իրավապահ գործունեությունը կենտրոնացվի մեկ մասնագիտացված մարմնի մեջ: Բայց միավորել կանխարգելումն ու իրավապահ գործառույթները մեկ մարմնի մեջ՝ այդքան էլ արդյունավետ չէ:

Ռոզա Հովհաննիսյան

Medialb.am