Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը․ Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:

Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթերն իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։

Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
🔴 տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետևաբար նաև հավելյալ ժամանակ և ռեսուրսներ է խլում,
🔴 որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
🔴 հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա:

Ինչ ենք նախատեսվում իրականացնել

Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.
✅ Երևանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն կձևավորվեն սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
✅ Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
✅ Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։
✅ Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:
✅Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
✅Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։

Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։

Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ»։