Ալեն Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է․ Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեից հայտնում են․

«Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ։

Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է։

Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» տեղեկանքին, ապա հայտնում ենք, որ տեղեկանքում քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանի նկատմամբ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։ Կադաստրի կոմիտեն պարբերաբար շտկում է վերոնշյալ էլեկտրոնային համակարգում նախկինում տեղ գտած տեխնիկական խնդիրները և հետևողականորեն բարելավում և զարգացնում համակարգը։