Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը․

Սևրի պայմանագրի և Թիֆլիսի համաձայնագրի 101-ամյակների առիթով

Հարյուր մեկ տարի առաջ այս օրը՝ 1920 թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի խաղաղության պայմանագիրը։
Սևրի խաղաղության պայմանագիրը մեր նորագույն պատմության կարևորագույն միջազգային փաստաթղթերից մեկն է, որ հնարավոր ամենաբարձր մակարդակով իրավականորեն ամրագրում է հայ ժողովրդի իրավունքները և նախանշում ու հստակեցնում է Հայաստանի անկախ Հանրապետության սահմանը Թուրքիայի հետ:


Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի օրինական ու գործող միջպետական փաստաթուղթ է և Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի (1920 թ. փետրվարի 24), Սան Ռեմոյի համաժողովի որոշումների (1920 թ. ապրիլի 23-26) և Վիլսոնի իրավարար վճռի (1920 թ. նոյեմբերի 22) ամբողջացնում է Հայկական հարցի լուծման իրավական հիմքերի փաթեթը և դրա լուծումը բարձրացնում է որակական նոր մակարդակի՝ օսմանահպատակ հայերի վիճակի հարցից դարձնելով Հայաստանի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների և նրա անվտանգության հարց:


Նույն օրը` 1920 թ. օգոստոսի 10-ին, Թիֆլիսում կնքվում էր մեկ ուրիշ հաշտության փաստաթուղթ՝ Սովետական Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հաշտության համաձայնագիրը։


Սակայն այդ երկու հաշտության փաստաթղթերը միանգամայն հակառակ էին իրենց նպատակներով ու բովանդակությամբ։


Եթե Սևրի պայմանագրով դե յուրե ամրագրվում էին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու իրավունքները, ապա Թիֆլիսի համաձայնագրով Սովետական Ռուսաստանը, թեև ընդունում էր, որ այն ստորագրում է «ելնելով Հայաստանի Հանրապետության անկախության և լիակատար ինքնուրույնության ճանաչումից (исходя из признания независимости и полной самостоятельности)», այդուհանդերձ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի խախտմամբ Հայաստանի Հանրապետությունից պարտադրանքով կորզում էր իրավունք՝ «ժամանակավորապես զբաղեցնել վիճելի տարածքներ հանդիսացող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը»:


Հատկանշական է, որ ըստ Թիֆլիսի համաձայնագրի ռուսական զորքերի կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի գրավումը պետք է չկանխորշեր նրանց հետագա կարգավիճակն ու ճակատագիրը։ Դրանց կարգավիճակն ու իրավատիրությունը պետք է որոշեին Համաձայնագրի կողմերը՝ Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Սակայն հետագայում այդ համաձայնագիրը խախտվեց, Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան համատեղ ագրեսիայի միջոցով զավթեցին, ռազմակալեցին ու մասնատեցին Հայաստանի անկախ Հանրապետությունը և արդեն առանց նրա մասնակցության գործընթացն ամբողջացրեցին 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի անօրինական պայմանագրով։

Որպես հետևանք՝ այդ շրջաններից Ղարաբաղն ու Նախիջևանը՝ հիմնականում դրանց տարածքներում ռուսական զորքերի առկայության պատճառով, զոհ դարձան ռուս-թուրքական ապօրինի համաձայնություններին։ Եվ միայն Զանգեզուրը Նժդեհի կազմակերպած հերոսական դիմադրության շնորհիվ խափանեց ռուսական զորքերի մուտքը և խուսափեց մյուս երկուսին պատուհասած հետևանքներից:


Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը, հատկապես նկատի ունենալով տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության և հայության գոյության հաշվին հերթական անգամ վերաձևելուն միտված ռուս-թուրքական տանդեմի ռազմավարությունը, որ մեկնարկել է 2020 թ․ 44-օրյա դավադիր պատերազմով, ինչպես նաև հաշվի առնելով Միջին արևելքին բնորոշ քաղաքական իրավիճակի հարափոփոխությունը, հայոց պետականության կայացման ու հայ ժողովրդի հարատևման երաշխավորումը տեսնում է բացառապես առկա իրավական հիմքերին համապատասխան Հայկական հարցի լուծման միջոցով և, ըստ այդմ, եզրակացնում է.

  1. Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:
  2. Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի, հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու տարածաշրջանի քաղաքական իրավիճակից և (կամ) հարևան պետությունների բարեհաճությունից:
  3. Հայկական հարցի լուծման համար բարենպաստ վիճակ է առաջացել գլոբալ և տարածաշրջանային չափումներում, ուստի հարկավոր է առանց հապաղելու համապատասխան քայլեր ձեռնարկել, առաջին հերթին Ռուսաստանի գաղութային կախյալությունից և ռուս-թուրքական փակուղուց ազատագրվելու և Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը սահմանադրորեն ամրագրելու ուղղությամբ:
    Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պահը վճռական է և միայն հայ ժողովրդի հավաքական ու անձնուրաց պայքարը թույլ կտա ոչ միայն խուսափելու նորանոր կորուստներից, այլև Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռի տեր կանգնելու իր իրավունքներին և կյանքի կոչելու հայ ժողովրդի դարավոր իղձերն ու քաղաքական նպատակները: