Աշոցքը փորձում ենք դարձնել դահուկավազքի տարածաշրջանային մարզումային կենտրոն. Գագիկ Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, այս տարվա ձյունառատ մարտը ի՞նչ հնարավորություններ է ստեղծել կենտրոնի համար, մի փոքր կմանրամասնե՞ք կենտրոնի աշխատանքները:

– Նախ ուզում եմ այն թյուր պատկերացումը մի փոքր պարզաբանել, որ որոշ օգտատերեր տարածում են, թե իբր Աշոցքում 7 մետր ձյուն է եկել: Այս տարվա տեղումներն իրականում աննախադեպ են, բայց դրանք այն ճանապարհահատվածներն են, որտեղ բքի պատճառով կուտակվում է ձյունը: Եթե այդ հատվածից վերև նայենք, կտեսնենք, որ փոքր սարի գագաթին հողը երևում է, որովհետև քամին այդ հատվածի ձյունը բերում լցնում է ավելի ցածրադիր հատվածներում:

Աշոցքում ձմեռը միշտ էլ սաստիկ է եղել, բայց չեմ հիշում, որ այսքան երկար ձյուն գար, սա աննախադեպ էր, ինչի համար ուրախ եմ: Ցավոք, Աշոցքում դահուկային սպորտի դպրոց չկա, մեր կենտրոնն է, որտեղ մարզվում են մեր հավաքականի առաջատարները, որոնք հենց Աշոցքից են:

Մեր կենտրոնի մարզիչներից երկուսը համայնքային մարզիչ են, այսինքն՝ հաստիքային աշխատող են և ունեն համայնքի խումբ: Խոսքը շուրջ 20 երեխայի մասին է, որոնք մարզվում են և, բնականաբար, օգտվում են մեր կենտրոնից: Այնտեղ գրեթե ամենօրյա ակտիվություն կա, և մենք Միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված յոթ դահուկուղիներում անցկացնում ենք մեր առաջնությունները:

Փառք Աստծո, այս տարի չունեցանք որևէ առաջնություն, որը չեղարկվեր, միայն վերջինը՝ մարտի 4-ին, Հայաստանի առաջնության մեկնարկը չեղարկեցինք սաստիկ բքի պատճառով, բայց, զուգահեռաբար, անցկացրինք նաև Զարգացող պետությունների գավաթը, որին մասնակցում էին երեք պետության՝ Հայաստանի, Լիբանանի, Սերբիայի ներկայացուցիչներ:

Նման մրցումների անցկացումը ի՞նչ հնարավորություններ է ընձեռում թե՛ կենտրոնին, թե՛ դահուկային սպորտով հետաքրքրվողներին:

– Մենք փորձում ենք այսկերպ Աշոցքը դարձնել նաև տարածաշրջանային մարզումային կենտրոն: Ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա ենք գտնվում ու բավականին լավ ձյան շերտ ունենք, բնականաբար, նաև տաղանդաշատ երեխաներ, որոնք կարող են ապագայում Հայաստանին փառք ու պատիվ բերել:

Պարո՛ն Սարգսյան, իսկ կենտրոնի սաները մասնակցո՞ւմ են միջազգային մրցումների, ի՞նչ արդյունքներ են գրանցում:

– Երկու մարզիկ ունենք, որոնք մասնակցում են Եվրոպայի երիտասարդների օլիմպիական փառատոնին, և երկու օր է՝ մրցումն ընթանում է: Մասնակցում են 2003-2004 թվականներին ծնված մարզիկ-մարզուհիները, և Հայաստանի դահուկավազքի երկու ներկայացուցիչները հենց Աշոցքի երեխաներն են՝ Սպարտակ Ոսկանյանը և Անգելինա Մուրադյանը: Վաղն էլ կմասնակցեն արագավազքի մրցաշարին ու կավարտեն:

Իսկ Աշոցքում որքա՞ն ժամանակ է հնարավոր լինում դահուկային մարզումները անցկացնել:

– Մինչև ձյան շերտի վերանալը: Բացի դրանից, մեզ մոտ ամբողջ տարին մարզումներ են, այսինքն՝ ձյան շերտի հալչելուց հետո անցնում ենք անվադահուկային մարզումների: Ցավոք, չունենք անվադահուկային ասֆալտապատ հատված, որը նախատեսված կլինի հենց այդ մարզաձևի համար, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում:

Իսկ կենտրոնը պետական կամ անհատ բարեգործներից ֆինանսական կամ գույքային աջակցություն ստանո՞ւմ է:

– Դեռևս ոչ մեկից չենք ստացել, բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ: Ունենք երկու ուղղություն. Աշոցքի զարգացումը փորձում ենք տանել թե՛ ընդհանուր, թե՛ առանձին, հիմա ստեղծելու ենք «Աշոցքի դահուկային սպորտի և տուրիզմի կենտրոն» հիմնադրամը՝ որպես առանձին իրավաբանական կազմակերպություն: Ստեղծողը, բնականաբար, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան է, փորձելու ենք դա Աշոցք համայնքի հետ զարգացնել:

Սա չի նշանակում, որ դա առանձին պետք է զարգանա, իսկ ֆեդերացիան ոչինչ չանի, այսինքն՝ փորձելու ենք Աշոցքի դահուկային կենտրոնը զարգացնել, ավելի խոշորացնել ու նաև հնարավոր ներդրողների կամ աջակիցների ներգրավել:

Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետը կապված ասեմ, որ բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ, մոտ օրերս կներկայացնենք մեր կազմած հովանավորական փաթեթ առաջարկը ու կփորձենք ներգրավել հովանավորներ ու աջակիցներ:

Պարո՛ն Սարգսյան, իսկ այդ մարզաձևը հանրության շրջանում հետաքրքրություն ունի՞, նոր մասնակիցների համալրում ունենո՞ւմ եք:

– Ցավոք, այս տարի ոչ ամբողջությամբ ստացվեց, բայց նախատեսել ենք «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսում ենք ձմռանը ձյունառատ տարածաշրջաններում, որտեղ հնարավոր է, դպրոցներում ֆիզկուլտուրայի շաբաթական մեկ կամ երկու դասաժամին դահուկային պատրաստության դաս անցկացնել՝ իհարկե համաձայնեցնելով տվյալ դպրոցի ղեկավարության ու առարկայի ուսուցչի հետ:

Այս ծրագրի նպատակը հետևյալն է. ցավոք, տեսնում ենք, թե որքան են շատացել սուր շնչառական հիվանդությունները՝ միմյանց հաջորդելով, մուտացիայի ենթարկվելով, իսկ դահուկային մարզաձևը այդ հիվանդությունները կանխարգելելու լավագույն միջոցներից է: Տարեցտարի փորձելու ենք այս ծրագիրն ավելի զարգացնել:

Սովետական Միության տարիներին ես ինքս դպրոցում անցել եմ, ձմռանը ֆիզկուլտուրայի դասերը ամբողջությամբ՝ որպես այդպիսին դահուկային պատրաստություն էին, պետական աջակցություն կար այդ մարզաձևի նկատմամբ: Փորձելու ենք ինչ-որ ձևով նաև դա վերականգնել:

Ցավոք, Հայաստանում դահուկային սպորտի դպրոցները շատ քիչ են, որպես այդպիսին՝ պետական մեկ դպրոց կա Գյումրիում, մեկ դպրոց՝ Ծաղկաձորում: Պատկերացնո՞ւմ եք՝ Աշոցքը, վերջին տարիներին տալով հանրապետության դահուկորդների մեծ մասին, չունի դահուկային դպրոց: Առաջարկությունների փաթեթ ենք պատրաստում, որ ներկայացնենք Կառավարություն՝ այդ համակարգը փոխելու նպատակով:

Նշեմ նաև, որ այսօր դահուկային սպորտը մեր երկրում ունի նաև ռազմակիրառական նշանակություն: Ցավոք, Ջերմուկն այսօր սահմանամերձ է դարձել, ու Ջերմուկի զորամասի միջդիրքային տարածքում տեղաշարժվելու լավագույն միջոցը դահուկներն են, նույնը՝ Վարդենիսում, Սիսիանում՝ առատ ձյան պարագայում բարձրադիր դիրքեր բարձրանալու համար:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am