Դպրոցի ճամփան դժվար է, երկար. ծանր պայուսակների հարցը` լուրջ մտահոգությունների տեղիք

Դպրոցի ճամփան դժվար է, երկար. ծանր պայուսակների հարցը` լուրջ մտահոգությունների տեղիք
Դպրոցի ճամփան դժվար է, երկար. ծանր պայուսակների հարցը` լուրջ մտահոգությունների տեղիք
Հեղինակ MediaLab

Փոքրիկ աղջնակի ձեռքից քարշ տալով, երկու դպրոցահասակների պայուսակներով «բեռնված» երեք երեխայի մայր 35-ամյա Անի Մելիքյանն ամեն առավոտ աղջիկներին ուղեկցում է դպրոց և նույն կերպ էլ դասերից հետո տուն ուղեկցում:
«Աղջիկներս երկուսն էլ կեցվածքի շեղում ստացան էս ծանր պայուսակներից, երբեմն մենակ եմ ուղարկում, բայց որ պատուհանից նայում եմ, սիրտս մղկտում ա, կքված են երեխեքը ծանրության տակ»,- ասում է Անի Մելիքյանը:
Ծանր դպրոցական պայուսակներն անհանգստացնում են ոչ միայն Անիին, այլև Հայաստանի բազմաթիվ ծնողների, որոնք մտահոգված են իրենց երեխաների առողջությամբ և կեցվածքով:

Կապված դասացուցակից և օրվա ծանրաբեռնվածությունից` տարրական դասարանում սովորող աշակերտի պայուսակը երբեմն կշռում է մինչև 4-5 կգ:

«Երբ դպրոցական երեխաների ենք ստուգում, միայն սակավաթիվ երեխաներ կեցվածքի շեղում չունեն»,- «Մեդիալաբին» ասում է «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի բժշկուհի Սյուզի Մխիթարյանը` հավելելով, որ հիմնականում այդ տարիքում էլ սկսվում է ի հայտ գալ կեցվածքի շեղումը:

Նա ասում է, որ խնդիրն ավելի է լրջացել, քանի որ երեխաները հարկադրված 6 տարեկանից են սկսել դպրոց հաճախել:

«Առաջին դասարանցիներ կան` այնքան նիհարիկ, թափանցիկ են, երբ տեսնում եմ հսկայական, հաստափոր, երկար, ծանր դպրոցական պայուսակը այդ երեխաների մեջքին, ուղղակի սարսափում եմ»,- ասում է Մխիթարյանը:

«Մեր երեխեքը կուզիկ ու կաղ են մեծանալու, մի՞թե հնարավոր չէ սրա դեմն առնել»,- զայրանում է 6-ամյա Դավիթ Մանուկյանի մայրը:

Գիտության և կրթության նախարարության հանրակրթական վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Իլյա Սարգսյանը համակարծիք է, որ ծանր պայուսակները լուրջ մտահոգություն են, բայց նաև նշում է, որ ներկայումս պետությունը խնդրի լուծման համար հնարավորություն չունի:

«Ես այս հարցին պատասխանում եմ որպես առաջին դասարանում թոռ ունեցող պապիկ, քաղաքացի և 35 տարվա մանկավարժ. այո´, պայուսակները շատ ծանր են, մանավանդ եթե դասացուցակում այդ օրը ֆիզկուլտուրա է լինում»,- «Մեդիալաբին» ասում է Սարգսյանը:

Նա պատմում է, որ կինը թոռնիկին դպրոց ուղեկցելուց հետո բողոքում է ձեռքերի ցավից, սակայն կրթության ոլորտի մասնագետն ասում է, որ խնդրի լուծումը չի տեսնում:

ՀՀ-ում դասագրքերը, ըստ սահմանվածի կարգի, չեն գերազանցում  300-350 գրամը:

«Դասագրքերի, օրագրի, տետրերի, գրիչի, մատիտների, քանոնի, պայուսակի քաշը իրար գումարվում է ու ստացվում էն հարկադիր քաշը, որ երեխան տանում է դպրոց»,- ասում է առողջապահության նախարարության մանուկների և դեռահասների հիգիենիկ և համաճարակային տեսչության բաժնի պետ Ալեքսանդր Իսրայելյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք կա սահմանված քաշ, որից ավելին չպետք է լինի տարրական դպրոցականի պայուսակը, Իսրայելյանը պատասխանում է. «Նման սանիտարական կանոններ դեռ չկան»:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Փաշայանն ասում է, որ երեխայի պայուսակի քաշի հետ կապված հետազոտություն երբևէ չի արվել:

«Իսկ ողնաշարի խնդիրներից խուսափելու համար 10-11 տարեկանում երեխան պարտադիր բուժզննում է անցնում տեղամասային պոլիկլինիկայում` բժշկի և վիրաբույժ օրթոպեդի մոտ»,- վստահեցնում է Փաշայանը:

8-ամյա Ինեսա Գիշյանի մայրը պատմում է, որ աղջկա դպրոցում անցյալ ամիս թուղթ էին տվել` պոլիկլինիկայում պարտադիր զննում անցնելու համար:

«Օրթոպեդը նայեց երեխայի մեջքը, ասեց` ամեն ինչ նորմալ ա: Հետո պատահաբար մտանք մերսման կաբինետ` ծանոթ էր, նայեց երեխային, ինձ էլ ցույց տվեց, որ կոնքերը տարբեր են իրարից, ասեց` կեցվածքի շեղում ա, կգաք մասաժի»,- պատմում է Ինեսայի մայրը` Վարդուհի Գիշյանը:

Մերսման սենյակում պատահաբար հայտնված մայրը, լիովին չվստահելով մերսողին, դիմում է բժշկուհի հարևանուհուն, վերջինս խորհուրդ է տալիս ռենտգեն անել:

Արդյունքում պարզվում է, որ երեխան սկոլեոզ (ողնաշարի կորություն) հիվանդությունն ունի:

«Մեր բժիշկների 99 տոկոսին վստահելը նույնն ա, ինչ երեխայիդ առողջությունը վստահես շուկայում կարտոշկա ծախողին»,- բորբոքվում է նա:

Վարդուհի Գիշյանը զայրանում է, որ, բացի ծնողներից, ուրիշ ոչ մեկին չի անհանգստացնում ապագա սերնդի առողջությունը:

«Եթե չեմ սխալվում, նախարարություն էլ ունենք, որը առողջապահություն անունն ունի, իսկ որ ամբողջ երկրի երեխեքը ճկռում են ծանր բեռի տակ, ինչ ա` չե՞ն տեսնում»,- հարցնում է նա:

«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի բժշկուհի Սյուզի Մխիթարյանն ասում է, որ կեցվածքի շեղումը վտանգավոր է այնքանով, որ հետագայում կարող է ազդել ողնաշարի վրա:

Նման խնդիրներ ունեցող երեխաներին բժիշկները, այլ բուժումներից զատ, հիմնականում խորհուրդ են տալիս հաճախել լողի, ինչն այնքան էլ մատչելի «հաճույք» չէ նույնիսկ միջին հնարավորություններ ունեցող ընտանիքների համար:

Լողի հաճախող 9-ամյա Անի Շաղկյանի մայրը պատմում է, որ իր աղջկա մոտ 3-4 ամիս առաջ հայտնաբերվել էր սկոլեոզ: Նա ասում է, որ մերսումների արդյունքում երեխայի մոտ հիվանդությունը լիովին բուժվել է:

Սակայն, նման «բուժման» արդյունավետությունը կասկածի տակ է դնում «Արաբկիր» մանկական հիվանդանոցի օրթոպեդ Արա Անթառանյանը: Նա վստահեցնում է, որ մերսման էֆեկտը սկոլեոզի դեպքում կազմում է զրո տոկոս:

«Մերսմամբ կարելի է հանգստանալ, թուլանալ, բայց ոչ բուժվել»,- ասում է մասնագետը:

Բժիշկը ցավով նշում է որոշ կենտրոնների մասին, որոնք իբր բուժում են սկոլեոզը. «Դպրոցներից տանում են էդպիսի մասնավոր կենտրոններ, անվճար հետազոտություն են անցկացնում, տրվում է ախտորոշում` սկոլեոզ`արտաքին ինչ-որ լուսանկարի հիման վրա, ու սկսում են բարձր գներով բուժել, այնինչ երեխան իդեալական ողնաշար ունի»:

Անթառանյանը պատմում է, որ նման «հիվանդներին» բուժելու դեպքում այդ կենտրոնները գերազանց արդյունք են ստանում, քանի որ վնաս չեն տալիս, բուժում են շնչառական վարժություններով և մերսմամբ, արդյունքում` մնում են ապարդյուն կորցրած գումարն ու սթրեսը:

«Հնարավոր է` կեցվածքի շեղումը պատանիների մոտ առաջանում է ֆիզիոլոգիական վերջույթների միջև բնական մի փոքր տարբերությունից, որն աճի ընթացքում ուղղվում է, կամ ինչ-որ ցավից, կամ վատ տեսողությունից, որի պատճառով երեխան անընդհատ թեք է կանգնում, կամ ծանր պայուսակից: Հազար ու մի պատճառ կարող է լինել, կեցվածքի շեղում ասելով` կարող ես կոպիտ սխալ գործել»,- ասում է օրթոպեդը` շեշտելով, որ բժշկական «կեցվածքի շեղում» եզրը շատ վերացական է:

Բժիշկը 1,5 տարի աշխատել է Ֆրանսիայում և պատմում է, որ այնտեղ էլ շատ արդիական էր ծանր պայուսակների խնդիրը:

«Արդյունքում` որոշվեց մի գիրքը հրատարակել 3 հատորով, կլինեն փոքրիկ-փոքրիկ գրքեր, և երեք դասագրքերը` ասենք ռուսերենը, մայրենին ու անգլերենը միասին կունենան մեկ ներկայիս դասագրքի քաշը»,- ասում է Անթառանյանը:

Սակայն ո´չ կրթության, ո´չ էլ առողջապահության ոլորտի մասնագետները հարցի լուծումը դեռևս չեն տեսնում:

«Ուրիշ խնդիր, եթե այնքան գիրք հրատարակենք, որ կարողանանաք երեխային ապահովել երկու գրքով` մեկը դպրոցում մնա, մյուսը` տանը, գոնե տարրական դասարաններում: Բայց, ցավոք, պետությունը չունի նման հնարավորություն: Գրքեր կան, որ վճարովի են, ու խեղճ ծնողները դրա գումարը չունեն, ուր մնաց թե երկուսը գնեն»,- ասում է Իլյա Սարգսյանը:

Արփի Մաղաքյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

© Medialab.am