Չգիտենք՝ ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, որովհետեւ չունենք քաղաքացիական հասարակություն. Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, Հայաստանում օրեր առաջ նշվում էր Քաղաքացու օրը, օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել  քաղաքացիներին։ Ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Շատ կարևոր է, որ մեր երկրում մարդիկ պարզապես երկրի բնակչից իրոք դառնան քաղաքացիներ: Ես չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքացիության զգացում ունեցող մեծամասնություն կա բնակչության մեջ, ցավոք սրտի, բայց միևնույն ժամանակ, դա չեմ էլ ներկայացնում մեր հասարակությանը որպես մեղադրանք, որ իրենք չեն հասել քաղաքացիական գիտակցության ու պատասխանատվության աստիճանի, որովհետև քաղաքացիական հասարակությունները ձևավորվում են երկար ճանապարհ անցնելով ու իրենց անընդհատ ճանապարհին բազմաթիվ մարտահրավերներ ու բազմաթիվ ավտորիտար տեղերից՝ կլինեն դրանք իր հասարակության ներսի ավտորիտար օղակները, արտաքին մարտահրավերները, դրանց բախվելով ու քայլ առ քայլ հաղթահարելով։ Մարդկանց գիտակցությունն էլ հղկվում ու ձևավորվում է այդ գործընթացում։ 

Այս հասարակությունները, որտեղ հիմնականում արևմտյան ժողովրդավարություններն են, որտեղ քաղաքացիականության բավականին բարձր աստիճան կա, որը միայն խոսքով չի բնութագրվում, այլև գիտական հետազոտություններ կան, օրինակ՝ քաղաքական մշակույթի բարձրագույն ձևը համարվում է քաղաքացիական մշակույթը, որը ոչ բոլոր հասարակություններում է ձևավորված, նույնիսկ այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան և այլն, որտեղ դեռ շատ դեպքերում տարածված են քաղաքական մշակույթի պատրիարխալ ու հպատակային ձևերը։ 

Այնպես որ, խոսել այն մասին, որ մենք լիարժեք քաղաքացիական մշակույթ ունեցող հասարակություն ենք, իհարկե, դեռևս շատ վաղ է, բայց եթե ուզում ենք ձևավորել ժամանակակից պետություն, իսկ դրանք հիմնականում ժողովրդավարական բնույթի պետություններ են, ապա շատ կարևոր է դրանց կայացման հիմնաքարային գործոններից մեկը՝ քաղաքացիական մտածողություն ձևավորելը։ 

Քաղաքացիական մտածողությունն առաջին հերթին չգրված օրենքների փոխարեն գրված օրենքներով ապրելն է։ Քաղաքացիական համակեցության հիմնաքարային երևույթներից մեկը մարդու արժևորումն է, մարդու՝ որպես ստեղծարար, ամեն ինչի ակունք, պետության ամրապնդման, զարգացման գլխավոր դերակատար ու այդ մարդու համար լավագույն պայմանների ձևավորումն է։ 

Այս առումով եթե գնահատում ենք 2018 թվականին տեղի ունեցածը, ապա անձամբ իմ վերաբերմունքը այդ ամենին դրական է, ու ես շատ կարևորում եմ դա մեր պետության պատմության մեջ իր զարգացման գործում։ Այո՛, կարծում եմ, որ 2018-ից հետո ժողովրդավարության առումով բավականին լուրջ առաջընթաց ենք ունեցել, ու ես կարծում եմ, որ շատ մեծ կեղծիք է ժողովրդավարությունը հակադրել պատերազմում կրած մեր պարտությանը: Դրանք փոխպայմանավորված չեն, ընդհակառակը՝ կարծում եմ, որ ժողովրդավարության ոլորտում ունեցած թերություններն էին, որ հանգեցրել էին նրան, որ մենք ունեցել ենք թույլ պետական ինստիտուտներ, թույլ բանակ և ունեցել ենք ցնցումային այնպիսի իշխանափոխություններ, որոնցից մեկն էլ 2018-ի հեղափոխությունն էր։ 

Եթե Հայաստանում չլինեին ավտորիտար ռեժիմները, 2018-ին մենք ավելի ժողովրդավարական եղանակով կվերարտադրեինք իշխանությունը, բայց բոլորս հիշում ենք, թե 2017-ին Սերժ Սարգսյանն ինչի էր գնում, իսկ նա փոխում էր Սահմանադրությունն այնպես, որ հավերժացներ իր ավտորիտար իշխանությունը։ 

Ես վստահ եմ, որ եթե անգամ Սերժ Սարգսյանն էլ մնար իշխանության, այդ պատերազմը լինելու էր, ու մենք պարտություն էինք կրելու, հարցն այն չէ, որ մենք 2018-ին հեղափոխություն արեցինք, դրա համար պարտություն կրեցինք։ 

Գալով այդ կեղծ դիսկուրսին, որ ժողովրդավարությունը թուլացնում է պետությունը, ուզում եմ ասել, որ դրա ամենագլխավոր կեղծիքը երևում է այնտեղ, երբ տեսանելի է դառնում, որ աշխարհի ամենաուժեղ պետությունները ամենաժողովրդավար պետություններն են, այնպես որ, սրանով թեման փակվում է։ Այսինքն՝ այդ կեղծ դիսկուրսը կարելի է պարզապես համարել մանիպուլյացիա ու հրաժարվել դրանից։ 

Հիմա գամ նրան, թե ինչ առաջնային խնդիրներ կան մեր առջև ծառացած․ քաղաքացիական գիտակցություն կրող անհատների պակասն է, այսինքն՝ իր պետությանը նվիրված ու հայրենասեր մարդկանց պակասն է։ Հայրենասիրությունը մեզանում գլխավորապես կենացային մակարդակում է, իսկ որպեսզի այդ կենացային մակարդակից այն վերածվի իրական հայրենասիրության, ապա մենք պետք է նախ հասկանանք, որ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ու մեր գլխավոր նպատակը պետք է լինի այն ամրապնդելն ու զարգացնելը ու ամեն մարդու հայրենասիրությունն իր պետության հանդեպ՝ հոգատար ու խնամքով վերաբերմունքն է՝ ամեն ոլորտում։ 

Մենք 30 տարի մեր պետության հանդեպ չենք ցուցաբերել այդ հոգատարությունը, գողացել են ով ինչքան կարողացել է, դրա համար էլ մենք այսօր ունենք շատ թույլ պետություն, այսինքն՝ խնամքով չեն վերաբերվել պետությանը, ու դա քաղաքացիական գիտակցության պակասից է եղել՝ և՛ կառավարման վերին օղակներում, և՛ հասարակության մեջ, որովհետև հասարակությունը երբ տեսնում է, որ իր էլիտաները գող են ու խաբեբա և հակապետական գործողություն են անում, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող հասարակությունը նման էլիտաներին շատ արագ հեռացնում է իշխանությունից ու դա անում է գիտակցված՝ հասկանալով, թե ինչու է հեռացնում, ու ինքն ինչ է ուզում, ինչպիսի պետություն է ուզում։ 

Ցավոք սրտի, մենք այս հարցի պատասխանը՝ ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ, չունենք ու չունենք այն պատճառով, որովհետև չունենք քաղաքացիական հասարակություն, որովհետև նման հարցի պատասխանն ունենում է կա՛մ քաղաքացիական հասարակությունը, կա՛մ այնպիսի խորքային ավտորիտար ռեժիմները, որոնց ղեկավար բռնապետները ունեն պետականության գիտակցում։ 

Մեզ մոտ այդ ավտորիտար ռեժիմը եղել է հակապետական․ ավտորիտար ռեժիմների միջև տարբերություններ կան, կա ռացիոնալ ավտորիտարիզմ և իռացիոնալ ավտորիտարիզմ։ Հայաստանում ավտորիտար ռեժիմը եղել է իռացիոնալ, այսինքն՝ գործել է պետության դեմ, իսկ ռացիոնալ ավտորիտարիզմները ստեղծում են ավտորիտար համակարգ, ինչպես Չինաստանում, բայց ռացիոնալ են այնքանով, որ իրենց գործողությամբ կարողանում են ավտորիտար ռեժիմի միջոցով ամրապնդել պետությունը։ 

Որպես հասարակություն՝ կարծում եմ, որ մենք ավելի շատ ժողովրդավարական տիպի հասարակություն ենք, քան ավտորիտար տիպի ձգտող, դրա համար մեր պետության կոնցեպտը պետք է կառուցվի ժողովրդավարության շուրջ։ 

Դառնալով նորից Քաղաքացու տոնին՝ ես կարծում եմ, որ մեզ մոտ քաղաքացի լինելը՝ որպես արժեք, մարդկանց մեջ այնքան էլ չի գիտակցվում, նաև պատասխանատվության պակասը սեփական պետության հանդեպ հոգատարություն տածելու, սա երևում է նաև նրանից, որ մեզանում Քաղաքացու օրը տոն չի համարվում ըստ էության: Դուրս եկեք փողոց ու հարցրեք՝ ոչ մեկն էլ չգիտի, որ այսօր տոն է։ Այնպես որ, ես մեկ անգամ ևս ուզում եմ կարևորել, որ «քաղաքացի» արտահայտությունը ձևական չէ, խիստ կարևոր է մեր պետության համար, ինչքան շատ մարդ մեզանում դառնա քաղաքացի, այնքան մեր պետությունն ավելի կզարգանա և ամուր կլինի։ 

– Ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում քաղաքացին արժե՞ք է։ ԱԺ նախագահի հայտնի արարքից հետո, օրինակ՝ շատ կարծիքներ են հնչում, որ ժողովրդավար երկրում չեն թքում քաղաքացու վրա, որ Ալեն Սիմոնյանն այդ արարքով առաջին հերթին թքել է հենց Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդավարական արժեքների վրա։

– Ես չեմ ուզում այդքան խիստ կատեգորիզացնել ու կատեգորիկ գնահատականներ տալ երևույթներին, ինչու, որովհետև խոսքն այդ թքելու մասին չէ, այլ այսօրվա իշխանությանը խիստ քաղաքացիական կամ հակաքաղաքացիական գնահատելու։ 

Խնդիրն այն է, որ ես պոպուլիստ չեմ, գիտնական եմ ու, չլինելով պոպուլիստ, ես հիմա այդ պոպուլիստական այո կամ ոչ, կամ նմանատիպ գնահատական չեմ ուզում տալ։ 

Ես գիտեմ, որ հասարակություններն ունենում են փոխակերպման, անցումային ճանապարհ, ու կարծում եմ, որ այսօր մենք անցումային փուլում գտնվող հասարակություն ենք, այսինքն՝ այնպես չէ, որ մենք ժողովրդավարական հասարակություն ենք դարձել: Դա ծիծաղելի կլինի, եթե որևէ մեկն այսօր նման պնդում անի, բայց ես նաև գտնում եմ, որ այսօրվա իշխանությունը ավելի ժողովրդավար է, որ Հայաստանը երբևէ ունեցել է, ու ինքը հենց այդ անցումային դրսևորումներից մեկն է, որտեղ տեսնում ենք և՛ կատաստրոֆիկ խայտառակ քայլեր, և՛ բազմաթիվ արտառոց իրավիճակներ: Սա ես համարում եմ ոչ լավ, բայց նաև այս փուլին բնորոշ մի բան։ 

Այսինքն՝ մենք պետք է անցնենք այս ամենի միջով, ու սա ճանապարհի փուլերից մեկն է, տեսնելով նման խնդիրներն ու դրսևորումները՝ մենք պետք է ոչ միայն չհիասթափվենք քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն կառուցելու հեռանկարից, այլ հասկանանք, որ հենց այդ հասարակության ձևավորումն է, որ մեզ ազատելու է նման թերություններից ու խնդիրներից, որոնց այսօր մենք բախվում ենք։

– Պետական մակարդակով արվո՞ւմ են քայլեր՝ ձեր ասած հասարակությունը «կառուցելու» համար։

– Ինձ համար մի փոքր անհասկանալի հարց է, որովհետև հասարակությունն ինքը չի կառուցվում ինչ-որ մեկի կողմից, հասարակությունն ինքն իրեն է կառուցում, ու այսօր ունեցած պետությունը այդ հասարակության՝ ինքն իրեն կառուցելու էլեմենտներից մեկն է, այսինքն՝ մենք միշտ ունենում ենք այնպիսի իշխանություններ, ինչպիսին մեր հասարակությունն է։ 

Սրանով ես չեմ ուզում բացասական գնահատական տալ հասարակությանը կամ արդարացնել իշխանությանը, այլ ուզում եմ ասել, որ մենք չպետք է տարանջատենք հասարակության տարբեր էլեմենտներն իրարից, այլ պետք է դիտարկենք իր ամբողջականության մեջ, ու այդ տեսանկյունից մենք այսօր ունենք շատ ավելի լավ իշխանություն ունենալու անհրաժեշտություն, շատ ավելի լավ կառավարություն ունենալու անհրաժեշտություն, բայց ես դեռևս չեմ տեսնում մեր մեջ այն մարդկային ռեսուրսը, այն քաղաքական ռեսուրսը, որն այդ ավելի լավ կառավարությունը կկառուցի: 

Կարծում եմ՝ դա ունենալու համար մեզ պետք է անցնել այս ճանապարհը, ու այս փուլի հաղթահարումը մեզ կբերի ավելի որակյալ կառավարության, հույս ունեմ՝ ապագայում մենք կունենանք չկեղծվող ընտրություններ, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մենք չմոռանանք այն խայտառակ ընտրությունները, որոնց գլխավոր դերակատարները այն թաղային ճիճուներն էին, այն թաղային հեղինակություն կոչված անկիրթ, բռի, ուժի վրա հիմնված, ինչ-ինչ ճանապարհներով հարստացած դեմքերն էին, մի՛ մոռացեք նրանց։ 

Մենք չպետք է մոռանանք դրանց, որովհետև դրանց հեգեմոնիան է, որ մեր պետությունը բերել է այս աղետին։ Մենք պետք է կարողանանք լավ հեգեմոններ, մեր միջից լավ առաջնորդներ գտնել, իսկ դրա համար մենք ինքներս մեր մեջ պետք է զարգացնենք առաջնորդ ընտրելու կարողությունը։ 

Հասարակության ամեն անդամ չէ, որ ճիշտ իշխանություն ընտրելու ունակություն ունի, որովհետև դրա համար մարդիկ պետք է ունենան չափանիշներ, մեր հասարակության մեջ շատերը այդ չափանիշները չունեն, դա երևում է մարդու ամենօրյա վարքագծում: Հասարակ բան ձեզ ասեմ. եթե մարդը երթևեկության ընթացքում անընդհատ խախտում է երթևեկությունը, նա չի կարող լավ կառավարություն ու լավ պետություն ստեղծել։

– Պարո՛ն Թադևոսյան, իսկ 2018-ին հասարակությունը կարողացա՞վ ճիշտ առաջնորդի ընտրել։

– Ժողովուրդն ընտրեց այն առաջնորդին, ինչ ինքը կարող էր ընտրել, իդեալական առաջնորդ չի ընտրել, որովհետև, նորից եմ ասում, նա ընտրեց այն, ինչ ինքը կարողացել է, սա է ամբողջ հարցը։ Ճիշտ առաջնորդ ընտրելու համար մարդիկ պետք է ունենան դրա համար անհրաժեշտ ունակություններ, պետք է այն աստիճան աճած լինեն, որ կարողանան հասկանալ՝ իրենց ինչ է պետք։ Մեր հասարակության շատ անդամներ նույնիսկ չեն կարողանում ձևակերպել, թե իրենք ինչ են ուզում, սա խնդիր է։ 

Մենք այսօր ունենք կառավարություն, որը լավը չէ, անում է բազմաթիվ սխալներ, մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում ԱԺ-ում, տեսնում ենք՝ ինչ խայտառակ վիճակում է Երևանի քաղաքային միջավայրը։ Որպեսզի մենք չունենանք այսպիսի կառավարություն, մենք պետք է ունենանք լավ հասարակություն, սրանք փոխկապակցված երևույթներ են, եթե մենք չունենք օրինապահ հասարակություն՝ չենք կարող երբեք ունենալ լավ կառավարություն, սա աքսիոմ է։

Սրա համար եմ ես կարևորում քաղաքացի ձևավորելու, քաղաքացիներ շատ ունենալու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ քայլեր անելու կարևորագույն ոլորտը կրթությունն է, պետք է դպրոցից կրթել քաղաքացիներ։ Մեր կրթական ծրագրերում ունենք ամեն ինչ, բացի քաղաքացիական խոր դաստիարակություն ու գիտակցություն, արժեքներ ձևավորող առարկաներից, ու մենք 30 տարի բաց ենք թողել։ 

Ազգային կրթություն կամ չգիտեմ ինչ էին հորինում, այդ ազգային կրթությունը ո՞րն է, ինչ-որ երևակայական երազներով մարդկանց խաբե՞լը, փոխանակ քաղաքացիական հայրենասիրություն, իր հայրենիքին նվիրված քաղաքացիներ ձևավորելու, որոնք տեր կկանգնեն իրենց պետությանը, չգիտեմ ինչեր են արել 30 տարի, դրա համար էլ ունենք այս վիճակը, ամբողջ խնդիրն այս է։ Ու այս վիճակը չունենալու համար գոնե այսօր պետք է փոխենք մեր մոտեցումը շատ-շատ հարցերի նկատմամբ, պետք է հասկանանք, որ քաղաքացիությունը մեծագույն ու կարևորագույն արժեք է պետություն ունենալու հարցում։ 

– Այսինքն՝ Քաղաքացու օր առանձնացնելն ու նշելը ճի՞շտ եք համարում։

– Ճիշտ ու սխալի հարցը չէ այստեղ, ինչքան էլ Քաղաքացու օր ունենաս, բայց եթե դու երկրում քաղաքացիներ չունենաս, անիմաստ է այդ տոնն ունենալը, բայց կարևոր է դա բերել առաջին պլան, որպեսզի մարդիկ քիչ-քիչ մտածեն այդ ուղղությամբ։

– «Իսկ հպա՞րտ է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, որովհետև այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին՝ երկիրն ու տնտեսությունը զարգացնելով, ժողովրդավարության էությանն ու արժեքներին չդավաճանելով՝ հպարտության իրական աղբյուրն է». Նիկոլ Փաշինյանի ուղերձից է այս մեջբերումը, իրապե՞ս այդքան կարևոր է հպարտ լինելը, պարո՛ն Թադևոսյան։

– Այդ կարգի լոզունգային, կոչային արտահայտությունների արժեքն առանձնապես չեմ հասկանում։ Չգիտեմ, միգուցե դա մարդկանց ոգևորելու ձև է, փորձ է մարդկանց հուսահատությունն ինչ-որ ձևով փարատելու, չեմ կարող ասել, բայց այն, որ հպարտությունը ասելով չի լինում՝ հստակ է։ 

Այն քաղաքացին կարող է հպարտ լինել, որն ամենօրյա գործողություն է անում իր պետության կայացման համար, ու ինքը տեսնում է իր ձեռքով ստեղծած պետությունը, այդ քաղաքացին պետք է հպարտանա իր ստեղծած պետությամբ, այսօր ինչո՞վ հպարտանա մեր քաղաքացին: 

Ես չգիտեմ՝ ինքն ի՛նչ է կառուցել, որ հպարտանա, ընդհակառակը, ամոթից պետք է բոլորս մի անկյուն գտնենք, մտնենք, որ 30 տարի շարունակ սխալ ձևով ենք մտածել, անտարբեր ու անպատասխանատու ենք եղել մեր պետության հանդեպ, սպասել ենք, որ պետությունը մեզ համար աշխատի, ոչինչ չենք արել պետության զարգացման համար։ Խայտառակ սպառողական վերաբերմունք ենք ունեցել պետության նկատմամբ, աշխատել են պաշտոնի նշանակվեն, որ գողանան ու իրենց բարեկեցությունն ապահովեն ու այդ ամենը պետությունը թալանելու, պետական ինստիտուտները ձախողելու հաշվին։ 

Ինչպե՞ս կարող է նման պետության քաղաքացին հպարտանա ինքն իրենով, այն մարդը կարող է հպարտանալ, որ ինչ-որ բան արել է պետության համար, նման մարդիկ մենք քիչ ունենք, այդ մարդիկ թող հպարտանան։ Հպարտանալու հիմքեր ունեցող քաղաքացիներ դեռևս չունենք, պետք է ինքներս մեզ դարձնենք այդպիսին։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am