Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործունեությանը վերաբերող օրենքում առաջարկվող փոփոխությունները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում բուռն քննարկումների առիթ դարձան: Կառավարությունն առաջարկել էր Ազգային ժողովին օրինագծերի փաթեթը հրատապ կարգով ու հատուկ ընթացակարգով ընդունել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց, որ օրինագծերի փաթեթի հրատապ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ-ից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու հանգամանքով:
Ըստ նախագծի՝ ԱԱԾ տնօրենին իրավունք է վերապահվում ծառայությունից արձակել դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է: Ըստ Սիմոնյանի՝ ներկայացված նախագիծը սկզբունքային է ԱԱԾ-ի համար:
ԱԱԾ տնօրենի տեղակալը նախագծերի փաթեթի ներկայացման ժամանակ անդրադարձավ միայն ԱԱԾ-ի գործունեությանը և անտեսեց ԱԱԾ-ի արխիվի ոչնչացման հնարավորության հատվածը, որը նախատեսվում է ներկայացված նախագծով: Այսինքն՝ առաջարկով սահմանվում է՝ «ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Սա այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ սահմանվում է, որ ԱԱԾ մարմինների, նրա աշխատակիցների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման ԱԱԾ արխիվում: Իսկ ըստ նույն օրենքի՝ ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց. «Դիցուք՝ ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է Ալֆա կեղծանունով մեկը, հիմա դուք առաջարկում եք ոչնչացնել: Կարո՞ղ է պատահել, որ դրանով հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել Ալֆայի համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը»:
ԱԱԾ տնօրենի տեղակալը ի պատասխան տարակուսեց՝ ինչո՞ւ է ներմուծված նորմը համարվում խնդրահարույց, քանի որ ընդամենը ավելանում է նորմ, որը լիազորում է ոչնչացնել արխիվի նյութերը: «Չեմ հասկանում ձեր տագնապը»,- դիմելով Մանուկյանին հավելեց Սիմոնյանը:
Ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն հայտնեցին, որ ապագայում հնարավոր լյուստրացիայի համար այս նախաձեռնությամբ խոչընդոտներ են ստեղծվում, և պնդեցին, որ ներկայացված փոփոխությունը քաղաքական է, քանի որ ԱԱԾ-ն օրենքով իրավունք է ստանում ոչնչացնել իր արխիվում այս կամ այն գործակալի վերաբերյալ ունեցած նյութերը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդեց հարցը՝ ի՞նչ հիմնավորումներով է իշխանությունն առաջարկում ԱԱԾ արխիվից ոչնչացնել նյութերը: «Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հսկայածավալ արխիվային նյութերը, որոնք պետք է բացահայտեին գործակալների մի մեծ ցանց, ուղղակի ոչնչացվել են»,-հարցրեց Մինասյանը:
Հարակից զեկուցման համար ամբիոնին մոտեցած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ի պատասխան առաջարկեց առաջարկվող փոփոխության միտքը հասկանալ այսպես՝ կգաղտնազերծվեն, հետո կոչնչացվեն: Այսինքն՝ դրանք կհանրայնացվեն, հետո միայն կոչնչացվեն: Նկատենք, որ առաջարկվող փոփոխությունն այդպիսի պահանջ չի դնում և ընտրության հնարավորություն է առաջարկում՝ «գաղտնազերծել կամ ոչնչացնել»:
ԱԱԾ արխիվում եղած նյութերի ոչնչացման հնարավորության շուրջ քննարկումները խորհրդարանում ծավալվեցին: Արծվիկ Մինասյանն իր ելույթում առաջարկեց չանձնավորել և հայտարարեց, որ շատ կարևոր տեղեկություններ կարող են ոչնչացվել, հետևաբար այս նախագիծը պետք է լուրջ հիմնավորումներ ունենա:
«Էդ ի՞նչ թուղթ կա, որ արխիվում այլևս այդ թղթի համար տեղ չկա: Երբ չգաղտնազերծվող փաստաթղթեր են ոչնչացվում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ»,- հարց բարձրացրեց «Հայաստանից» Արթուր Խաչատրյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը օրինագծում այդ դրույթի հիմնավորման մասով ոչինչ չասաց, այլ հիշեց «նախկիններին». «Հեղափոխության հասունացման ու վերջնականացման փուլում ով, այնուամենայնիվ, ձեզնից ու ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ «Մարտի 1»-ի հետ կապված որոշ փաստաթղթեր: Կառաջարկեմ ձեր քաղաքական թիմից այդ հարցի պատասխանը տան»:
Խորհրդարանում ընդդիմության հնչեցրած մտավախություններին ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն արձագանքեց իր եզրափակիչ խոսքում և դրանք համարեց «աղմուկ՝ չեղած տեղից»: Նրա խոսքով՝ դեռևս 1996-ին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է ոչնչացման ենթակա նյութերի պահպանման ժամկետներն ու դեպքերը, հետևաբար առաջարկված փոփոխությունը ներդաշնակեցնում է իրավական դաշտը:
Սակայն Արծվիկ Մինասյանը նաև այս դիտարկման պատասխանն ուներ. «Անդրանիկ Սիմոնյանը խեղաթյուրում է փաստերը. իր վկայակոչած իրավական փաստաթղթերում խոսվում է ոչնչացման հնարավորության մասին՝ միայն գաղտնազերծումից հետո, իսկ այս առաջարկով սահմանվում է՝ գաղտնազերծել կամ ոչնչացնել, ստացվում է՝ նյութերը կարող են ոչնչացվել առանց գաղտնազերծման»:
Օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց 60 կողմ, 29 դեմ ձայներով: Դեմ էր ընդդիմությունը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am