«Ոչ մի որոշում չի փոխվի. ամենօրյա մահերի թիվը ոչ մեկին չի՞ անհանգստացնում, էդ նույն ասոցիացիաները չե՞ն մտածում այդ մասին». Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, նախարարության որոշումը, որ հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների կարող են մասնակցել, եթե ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթը կամ պատվաստման հավաստագիրը, չի ընդունվել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների կողմից, ու նրանք նշում են, որ հակազդեցության քայլեր են ձեռնարկելու: Հնարավո՞ր է, որ այս որոշումը փոփոխվի՝ հաշվի առնելով «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունը:

– Ոչ մի որոշում չի փոխվի, որովհետև յուրաքանչյուր միջոցառում, որը մշակվում ու գործարկվում է, փորձը ցույց է տվել, որ միշտ էլ դիմադրում են ու հակաքայլեր իրականացնում: Յուրաքանչյուր միջոցառում, որը մշակվում է, նախ քննարկվում է շատ լայն մասնագիտական շրջանակների հետ, ուսումնասիրվում է միջազգային փորձը:

Ամբողջ աշխարհում վաղուց ներդրված է այդ «կանաչ անձնագիր» ասվածը, և եվրոպական գրեթե բոլոր երկրներում առանց «կանաչ անձնագրի» որևէ մեկը չի կարող այցելել ժամանցի վայր: Նույն Ռուսաստանի Դաշնությունում էլ սա վաղուց կիրառվում է, Հայաստանում էլ այս մասով քննարկումներ իրականացվել են, ու վերջնական որոշում է կայացվել, որ մեզ մոտ նույնպես այն պետք է կիրառվի, որովհետև, ցավոք, արդեն վիրուսն ունի նոր մուտացիա, ու դեռ հարց է, թե դա ինչ անակնկալներ կարող է մատուցել մեզ:

Այսօրվա դրությամբ պարզ է միայն, որ օմիկրոնը դելտայից ավելի արագ է տարածվում, այնքան վտանգավոր է, որ ԱՀԿ-ի կողմից միանգամից ներառվել է վտանգավոր շտամների ցանկում: Ամենօրյա մահերի թիվը ոչ մեկին չի՞ անհանգստացնում, էդ նույն ասոցիացիաները չե՞ն մտածում, որ այդ միջոցառումները չանելու հետևանքով բավականին լուրջ իրավիճակ ենք ունենալու:

Նույն կերպ քարկոծում էին հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունը՝ աշխատողների ՊՇՌ բացասական թեստի կամ պատվաստումը հավաստող փաստաթղթի պարտադիր պահանջը: Այդ հրամանի շրջանակում 900-ից ավելի անախտանիշ աշխատակից է հայտնաբերվել, ու եթե դելտայի պարագայում բազմապատկենք 7-ով, ստացվում է, որ 6 հազարից ավել նոր դեպքեր են կանխվել, ես ձեզ հստակ վիճակագրություն եմ ասում:

Հայաստանում կարո՞ղ է կյանքի կոչվել այդ «կանաչ անձնագրերի» մեխանիզմը, տեխնիկական խոչընդոտներ չկա՞ն:

– Նույն հարցը տրվում էր հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության հետ կապված: Յուրաքանչյուր խոչընդոտ կարող է լինել, ու խոչընդոտները հաղթահարելի են: Եթե այլ երկրներում դա կիրառվել է, բավականին արդյունավետ է եղել, ուրեմն մեզ մոտ էլ կարող է կիրառվել, խոչընդոտ կլինի՝ կհաղթահարենք, ի՞նչ է եղել:

 – Իսկ վերահսկվելո՞ւ է այս նոր սահմանափակման կիրառությունը, տիկի՛ն Աբովյան:

– Միանշանակ վերահսկվելու է, բայց դա առողջապահության նախարարության լիազորությունից դուրս է, կան համապատասխան մարմիններ, որոնք իրականացնում են այդ վերահսկողությունը:

– Վերահսկելու են այնպես, ինչպես հիմա վերահսկում են բացօթյա և փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման գործընթա՞ցը:

– Կոնկրետ այս միջոցառումը բացօթյա տարածքներին չի վերաբերում, փակ տարածքների մասին է խոսքը՝ ժամանցի վայրեր, հանրային սննդի կազմակերպություններ և այլն:

Հասկանալի է, նկատի ունեմ՝ խի՞ստ վերահսկողություն է իրականացվելու:

– Այդ հարցը կխնդրեմ ուղղեք համապատասխան մարմիններին:

Տիկի՛ն Աբովյան, ժամկետի ընտրության հարցն ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ հունվարի 1-ից և ոչ, օրինակ՝ դեկտեմբերի 1-ից, երբ դեկտեմբերին եռուզեռը սովորաբար ավելի շատ է լինում, մարդիկ ամանորին են պատրաստվում, ու կուտակումներն ավելի շատ են լինելու:

– Եկեք տարանջատենք, հա՞, առևտուրը ժամանցի հետ բացարձակ կապ չունի, խոսքը ժամանցային վայրեր հաճախողների մասին է, այսինքն՝ ռեստորան, բար, գրադարան, թանգարան և այլն: Հենց ամանորյա օրերին, չնայած այս տարի երկու-երեք օր է տևելու, այդ օրերին են մարդիկ հաճախում ժամանցի վայրեր, առևտրի մասին այստեղ խոսք չկա:

Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ որոշումը չի տարածվում առևտրի կետերի, մոլերի վրա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այնտեղ մարդկային կուտակումներն սովորաբար ավելի շատ են լինում, իսկ ամանորի նախօրեին՝ հատկապես:

– Տարբեր միջոցառումներ տարբեր վայրերի համար են կիրառվում՝ գնահատելով ռիսկը: Նույնը, կարող եք հարց տալ՝ ինչո՞ւ հանրային տրանսպորտում չի գործելու: Առևտրի կետերի համար այլ սահմանափակումներ են գործում, կոնկրետ անվտանգության կանոններ կան, որ պետք է իրենք պահպանեն՝ հաշվի առնելով, որ առևտրի կենտրոններում շարժընթաց է, դիմակներով են գնում, սոցիալական հեռավորություն պետք է պահեն, չենք կարող համեմատել, օրինակ՝ կինոթատրոնի հետ, որտեղ մոտ 3-4 ժամ բոլորը նստած՝ նայում են ֆիլմ, այսինքն՝ այստեղ ռիսկն ավելի մեծ է, քան առևտրի կենտրոնում:

Նոր՝ օմիկրոն շտամով պայմանավորված՝ նախարարությունն արդեն ունի՞ պայքարի ինչ-որ մեխանիզմներ, ինչպե՞ս եք պատրաստվում կանխարգելել հնարավոր տարածումը:

– Շտամների տարբերությունը՝ որպես այդպիսին, կապ չունի միջոցառումների ձևի հետ: Միջոցառումները շտամներով պայմանավորված չեն, դրանք ընդհանուր համավարակային իրավիճակից են բխում ու պայմանավորված են դրանով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am