Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը
Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունվարի 5-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: 

«Ջիմ Թորոսյանը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ էր, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր,  ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Անվանի ճարտարապետի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,-ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է Սերժ Սարգսյանը:

© Medialab.am