«Չգիտեմ՝ ռուսների պատկերացումը համընկնո՞ւմ է Փաշինյանի պատկերացումների հետ, բայց ՀՀ-ն ինքնիշխան պետություն է». Վարդան Հարությունյան

Այսօր Կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմաններին լարվածությունը թուլացնելու նպատակով որպես լուծում առաջ քաշեց սահմանի երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հնարավորությունը:

«Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,-հայտարարել է նա:

Այս առնչությամբ «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս Վարդան Հարությունյանը:

– Պարո՛ն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին: Սա ի՞նչ է նշանակում՝ ռուսական ռազմական կոնտինգենտի ընդլայնո՞ւմ Հայաստանում:

– Այո՛, ըստ էության, Փաշինյանի պատկերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է հսկեն ռուսները: Չգիտեմ՝ ռուսների պատկերացումը արդյոք համապատասխանո՞ւմ է Փաշինյանի պատկերացումներին, բայց Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և ինքը պետք է զբաղվի իր սահմանների պաշտպանությամբ:

Դա պետք է լինի ինքնիշխան պետության կարևորագույն և առաջնային գործերից մեկը: Եթե պետությունը չի կարողանում դա անել, ուրեմն ինքն իրեն լիարժեք պետություն համարել չի կարող:

– Եվ հենց Նիկոլ Փաշինյանն ինքը ու իր թիմակիցներն էին կարծես շատ բարձրաձայնում ու խոսում ինքնիշխանության մասին… Այդ հարցում ձախողվա՞ծ եք համարում գործող իշխանություններին:

– Այս իշխանությունները հայոց պատմության մեջ մնալու են որպես ձախողված իշխանություններ, այլ տարբերակ չկա: Պարտվածներ ու ձախողվածներ՝ սա՛ է գրված այս իշխանության ճակատին: Զարմանալու կարիք չկա:

Բայց նրանց բերած վնասը նաև այնքան մեծ է լինելու, որ երկար տարիներ են պետք լինելու՝ կորուստները վերականգնելու համար:

– Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հնարավո՞ր է հրահրված է Ռուսաստանի կողմից:

– Գուշակություններ անել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ մեր իշխանությունները Հայաստանի անունից խոսելու բոլոր իրավունքները վերապահել են Մոսկվային: Մոսկվան է Հայաստանի անունից խոսում մեր հարևանների հետ՝ վստահ լինելով, որ, այո՛, Փաշինյանը վավերացնելու է առաջ քաշված ցանկացած պայմանագիր:

– Լավ, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում այն դեպքում, երբ մենք ամեն օր տեսնում ենք՝ Ադրբեջանը գնում է սադրանքների, բախումներ հրահրում սահմանին:

– Մենք հույս ունեինք, որ արտահերթ ընտրությունները հնարավորություն կտային, որ ձևավորվի նոր իշխանություն, և ի հայտ գար նոր բանակցող: Բայց, փաստորեն, սա տեղի չունեցավ:

Ըստ էության, մենք գտնվում ենք 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի վիճակում, երբ միջազգային հարաբերություններում Հայաստանը ներկայացնում է երկրին պարտության մատնած ուժը, հետևաբար այս իրավիճակում անիմաստ է լուծում առաջարկելը:

Լուծում հնարավոր էր առաջակել, եթե փոփոխություն լիներ: Մարդը գնում և ընտրում է այս իշխանությանը, և այս իշխանությունն էլ շարունակելու է ապրել իր պատկերացումներով, Ադրբեջանը շարունակելու է իր գործողությունները իր պատկերացումներով, Մոսկվան՝ իր պատկերացումներով: Ընդ որում՝ Մոսկվայի և Բաքվի պատկերացումները շատ դեպքերում համահունչ են ու հակասում են Հայաստանի պատկերացումներին:

Սա է իրականությունը, վտանգավոր ու շատ տխուր իրականությունը: Սպասենք, տեսնենք՝ ի՛նչ զարգացումներ կլինեն: Իսկ ազդել այդ զարգացումների վրա ՀՀ քաղաքացին չի կարող:

– Վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար լուծումների մասին խոսելիս հայտարարում է՝ «մենք ստացել ենք մանդատ ՀՀ քաղաքացուց»: Այսօր էլ նման բան հայտարարվեց…

– Այո՛, մանդատն ունեք, հիմա կարող ենք ափսոսալ դրա համար, կարող ենք զղջալ դրա համար, բայց սա է իրականությունը: Դե լուծեք հարցը:

Այս իշխանությունների որակը և վիճակը պարզ դարձան պատերազմից առաջ և հետո: Ես չգիտեմ: Մենք փակուղում ենք, և այդպիսի վիճակում լուծումներ առաջարկելը շատ բարդ է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am