Չի կարելի անտեսել Մոսկվայի զգուշացումները, և հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից,  նոր էսկալացիան չի բացառվում. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե Ադրբեջանը և Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ի՞նչ էական արդյունք կարելի է ակնկալել այս հանդիպումից։

– Իմ վերջին մի քանի հարցազրույցներում կանխատեսել եմ, որ արևմտյան միջնորդական հարթակներում փակուղի է, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Բրյուսելի գործընթացը գրեթե կանգ է առել, ԱՄՆ-ի կողմից կա դրսևորվող ակտիվություն, բայց բաց է մնում այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն շահագրգռություն ունի՞ տարածաշրջանային խնդիրներով, հայ-ադրբեջանական հարաբերություններով զբաղվելու, թե՞ ոչ։ 

Այդ ֆոնին մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից դարձյալ ակտիվության փորձեր կան։ Զախարովայի այդ հայտարարությանը շատ ավելի կարևոր իրադարձություն էր նախորդել՝ տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, որը պաշտոնական Երևանը չի հերքել, քննարկվել է նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը։ 

Ենթադրում եմ, որ ռուսական կողմը փորձելու է դարձյալ գլխավոր մոդերատորի դերը ստանձնել, դրա վկայությունն է նաև Զախարովայի կողմից ձեր վկայակոչած հայտարարությունը։ Պնդումներ չեմ անի, թե ինչ արդյունավետություն կունենա ռուսական կողմի միջնորդությունը, բայց որ գետնի վրա ամենամեծ հնարավորությունները Մոսկվան ունի, փաստ է։ 

– Այսպես կոչված արևմտամետ դիրքորոշում ունեցողները նշում են, որ Արևմուտքը Հայաստանին արել է հստակ առաջարկներ, ու ամեն բան, ըստ էության, կախված է Հայաստանի որոշումից։ Այդ հստակ առաջարկները դուք նկատե՞լ եք։

– Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաոտիկ է, ու հստակ ասել, թե գործող իշխանությունը որ կողմի հետ է ցանկանում համագործակցել՝ դժվար է, որովհետև այդ որոշումն ամեն վայրկյան փոփոխության է ենթակա, ընդ որում՝ ձեռնարկում են քայլեր, որոնցից յուրաքանչյուրը հակասում է մյուսին իր տրամաբանությամբ։ 

Շատ դժվար է հասկանալ օրակարգ չունեցող այսօրվա իշխանության քաղաքականությունն ու վարքագիծը, սա ինձ համար հստակ է։ 

Ինչ վերաբերում է հաստիքային արևմտամետների պնդումներին, ես ճիշտն ասած որևէ գործնական առաջարկ Արևմուտքի կողմից չեմ լսել՝ բացի հայտարարություններից, որոնցից անդին որևէ գործողություն մենք չենք տեսել։ Այդ նույն մարդիկ շաբաթներ, ամիսներ շարունակ բոլորիս կերակրում էին պատրանքով, որ հենց մեր սահմաններին հայտնվեն ԵՄ դիտորդները, սահմանային անվտանգությունն իդեալական կլինի, ադրբեջանական ագրեսիաները՝ սակավ, մենք կսկսենք ավելի անկաշկանդ արտաքին քաղաքականություն վարել, որովհետև Ադրբեջանի ագրեսիան կզսպվի։ 

Այս պատրանքները բախվեցին դառը իրականությանը․ մենք տեսանք թե՛ Երասխում դիպուկահարի կրակոցից ՀՀ զինծառայողի մահ, Տեղում՝ ադրբեջանական առաջխաղացում Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին, օրեր առաջ էլ՝ արյունալի միջադեպը։ 

Ասածս բնավ չի նշանակում, թե չպետք է աշխատել Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ պետք է աշխատել, բայց Հայաստանը պետք է ունենա օրակարգ, եթե չունես օրակարգ՝ քաոտիկ քաղաքականության հետևանքով հայտնվում ես աշխարհաքաղաքական բախման կիզակետում, ինչը նորանոր ռիսկեր է ծնում քո պետության համար։

– Այս համատեքստում ՀԱՊԿ առաքելության տեղակայումը սահմանին, եթե իհարկե Հայաստանը համաձայնի, արդյունավե՞տ է լինելու։

– ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն էլ դեմ չեմ եղել, որովհետև ցանկացած միջազգային ներգրավվածություն անվտանգության լրացուցիչ բարձիկ է, եթե դրանից կարողանում ես ճիշտ օգտվել։ 

Նույն կերպ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կարող է նպաստավոր լինել, եթե մենք ճիշտ կարողանանք օգտագործել այդ գործիքը, բայց պետք է հասկանանք, որ մեր պետության անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է, ու ոչ մի առաքելություն չի կարող փոխարինել դրան։ 

ՀԱՊԿ դիտորդական առաքելության հետ կապված Նիկոլ Փաշինյանը, անկեղծ ասած, հայտնվել է ծուղակում, որովհետև նա Արևմուտքի հետ կապված պատրանքներ ուներ, բայց իր վերջին ասուլիսից պարզ դարձավ, որ այդ պատրանքները բախվել են արևմտյան սառը պրագմատիզմին, ու նա փորձեց դարձյալ ռեվերս կատարել ռուսական ուղղությամբ, հենց այստեղ է, որ հայտնվեց ծուղակում, քանի որ Մոսկվայից պարբերաբար տարբեր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների կողմից շարունակ հնչում է մի թեզ, որ եթե Հայաստանն ուզում է նոր էսկալացիայից խուսափել, ապա խիստ անհրաժեշտ է, որ համաձայնություն տա ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ 

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, որովհետև եթե նման հռետորաբանության համատեքստում հրաժարվի այդ առաքելությունից, Մոսկվայի կողմից մեղադրվելու է աջակցությունը մերժելու ու երկիրը նոր էսկալացիայի տանելու փաստի համար։ 

Մյուս կողմից՝ տարօրինակ կլինի մերժել այդ առաքելությունը միայն նրա համար, որ քաղաքական գնահատական չի տրվել Ադրբեջանի գործողություններին, որովհետև եթե ԵՄ-ն քաղաքական գնահատական է տվել, դրանից ենթադրվո՞ւմ է, որ ԵՄ առաքելությունը կանգնած է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սահմանին, իհարկե ոչ։ Այս պարագայում ի՞նչ արժեք ունի ԵՄ քաղաքական գնահատականը։ 

Չի կարելի անտեսել Մոսկվայից հնչող զգուշացումները, որովհետև եթե Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ առաքելությունից, ես չեմ բացառում, որ էսկալացիա տեղի կունենա նաև Մոսկվայի անտարբերության պայմաններում, իսկ այդ իրավիճակում պատասխանատվության ողջ բեռը մնալու է Հայաստանի վրա։ 

– Պարո՛ն Սուրենյանց, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանում են երկու ուղղությամբ՝ Արցախի բնակչության վերաինտեգրման ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման։ Հայաստանն իսկապե՞ս տվել է իր համաձայնությունը այս ուղղություններով բանակցել։

– Դա Ալիևի բացահայտումը չէ․ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն էլ, Արարատ Միրզոյանն էլ հայտարարել են, որ իրենք ընդունել են Բաքվի այդ կոնցեպտուալ մոտեցումը, ու բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ։ Ցավոք սրտի, Հայաստանն այս կոնցեպտը պաշտոնապես ընդունել է։ Ալիևն իրեն թույլ կտա խոսել վերաինտեգրման մասին, եթե Հայաստանը հնարավոր կնքվելիք պայմանագրում չամրագրի այն, որ Ստեփանակերտ-Բաքու շփման համար պետք է լինեն միջազգային մեխանիզմներ։ 

Հայաստանի իշխանության թույլ տված կոպիտ սխալի հետևանքն է, որ Ալիևն այսօր ձեր նշած հռետորաբանությունն է բանեցնում։ Պրահայում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, բավարարեց Ալիևի բոլոր հավակնությունները՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որևէ երաշխիք չպոկելով ԼՂ ժողովրդի անվտանգության ու սուբյեկտության համար, ա՛յ սրա հետևանքն է, որ Ալիևը հիմա գեներացնում է այդ վերաինտեգրման թեզը։

– Լիահո՞ւյս եք, որ առաջիկա բանակցությունների ժամանակ հայկական կողմը կպնդի միջազգային մեխանիզմների ամրագրման հարցը, եթե նկատի ունենանք, որ երեկ Փաշինյանն ասաց, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

– Նիկոլ Փաշինյանն ակամայից խոստովանեց, թե քանի որ Մադրիդյան սկզբունքները վատն են եղել, իր մեկնաբանությամբ, ինքը բանակցային գործընթացում առաջարկել է անիրական օրակարգ, ինչի հետևանքով այդ գործընթացը հայտնվել է փակուղում, որը փաստորեն ճանապարհ է բացել պատերազմի համար։ Գուցե պնդի, բայց քանի որ մենք ունենք Պրահայի շատ վտանգավոր համատեքստ, ես չեմ կարծում, որ Հայաստանի պնդումները Ադրբեջանն ընդունի։

– Իսկ Մոսկվայի դիրքորոշումն այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի։

– Մոսկվան պետք է փորձի հավասարակշռված դիրքորոշում ունենալ, բայց պետք է նկատի ունենանք, որ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում ո՛չ Մոսկվան, ո՛չ արևմտյան որևէ մայրաքաղաք պատրաստ չեն Հայաստանի շահերի համար հակադրվելու Բաքվին, ու ցանկացած պարագայում, անկախ մոդերատորի ով լինելուց, հայկական կողմը ստիպված է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի միջև։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am