«Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի ու Անժելա Թովմասյանի» դատական գործը երկկողմանի ատելության դրսևորում է. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, օրերս խորհրդարանում մեկնարկեցին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Անդրանիկ նիստին, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին արգելեցին մտնել այդ դահլիճ, իսկ օպերատորներին՝ ոչ: Խորհրդարանի համապատասխան բաժինը սա բացատրեց սրահում տեղ չլինելու հանգամանքով: Հատկանշական է սակայն, որ բյուջեի քննարկումներին մշտապես ներկա են եղել լրագրողները, եթե անգամ նստելու տեղ չեն ունեցել: Ինչպե՞ս եք գնահատում այս նախադեպը:

– Միանգամից ասեմ, որ սա շարունակությունն է այն սահմանափակումների, որի ականատեսը եղանք 2021 թվականի օգոստոսից, երբ ութերորդ գումարման խորհրդարանը իր գործունեության հենց առաջին օրվանից տեղաշարժի սահմանափակումներ կիրառեց լրագրողների նկատմամբ, ինչը հակասում էր միջազգային նորմերին ու խոսքի ազատության պաշտպանության սկզբունքներին: 

Լրագրողական կազմակերպություններով մի շարք հայտարարություններ այս առումով արեցինք, բայց, ցավոք, իրավիճակը չի փոխվում, առհասարակ անհրաժեշտություն կա վերանայելու լրագրողների հավատարմագրման կարգը: 

Սահմանափակումները, որոնք գործում են տարատեսակ միջավայրերում, համաչափ չեն, ու այս գործընթացի շարունակությունն էր նաև ձեր կողմից հիշատակված դեպքը: 

Ես սա կարող էի հասկանալ, եթե խոսքն այնպիսի նիստի վերաբերեր, որում քննարկվում են պետական գաղտնիքներ կամ առհասարակ գաղտնիքներ, բայց ոչ բաց նիստերին, ու սա իսկապես առաջին դեպքն է, որ լրագրողները չեն մասնակցում բյուջեի նախագծի քննարկման լուսաբանմանը: 

Սա արտառոց երևույթ է ու վատ նախադեպ, տարօրինակ էր ընդհանուր մոտեցումը՝ օպերատորներին թողնել, իսկ լրագրողներին՝ ոչ: Այս փաստը մենք կարձանագրենք մեր եռամսյակային, այնուհետև տարեկան զեկույցում՝ որպես լրագրողական գործունեության անհիմն սահմանափակում: 

– Նմանօրինակ սահմանափակումները Նիկոլ Փաշինյանի անձո՞վ են պայմանավորված:

– Չեմ կարծում, որ անվտանգության նկատառումներով կամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ է դա պայմանավորված: Սա ուղղակի մոտեցում է, այսինքն՝ լրագրողներին հնարավորինս հեռու պահել քաղաքական այն գործընթացներից, որոնց վերաբերյալ իշխանությունն ավելի լայն լուսաբանում չի նախատեսում: Սա իշխանության ընդհանուր քաղաքականությունն է, որը արատավոր է, շատ խոցելի ու դատապարտելի: 

– Պարո՛ն Մելիքյան, այս սահմանափակումները, դատական տարբեր հայցերը իշխանության ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Պետք է հաշվի առնել, որ երկրում այդ պառակտվածության ու ատելության մթնոլորտը հասել է գագաթնակետին, ու որևէ կերպ մեղմացնելու եզրեր չեն երևում: Այդ դատական հայցերը, մասնավորապես «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի ու Անժելա Թովմասյանի» դատական գործը հենց այդ ատելության դրսևորումն է, ընդ որում՝ այն միակողմանի չէ, երկկողմանի ատելության դրսևորում է, որովհետև մենք տեսել ենք, թե Աննա Մկրտչյանի ու Ալեն Սիմոնյանի միջև ինչ «երկխոսություն» է տեղի ունեցել խորհրդարանի դահլիճում, որտեղ դրսևորվել են այդ ատելությունն ու վիրավորանքներով լեզվակռիվը: Ինչ վերաբերում է Անժելա Թովմասյանին, ապա նրա ակումբի ասուլիս-քննարկումների գերակշիռ մասը ատելության, զզվանքի, անհանդուրժողականության արտահայտություն է: 

Սա երկկողմանի գործընթաց է, որում միմյանց մեղադրում են, շատ հաճախ՝ հիմնավոր: Օրինակ՝ նույն Ալեն Սիմոնյանի պարագայում ասում են՝ եթե խորհրդարանի նախագահը կարող է իրեն վիրավորող անձի վրա թքել, ինչու մենք չենք կարող մեր ատելության խոսքն արտահայտել, մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսն ուղղակի անընդունելի են, ու սա լավ տեղ չի տանելու: 

Իշխանությունները պետք է նախևառաջ նախաձեռնեն քայլեր, որպեսզի հաղթահարվի այդ ատելության մթնոլորտը, և, իհարկե, այդ գործում իր պատասխանատվությունը պետք է զգա նաև ընդդիմությունը: Այստեղ մեծ դեր ունեն նաև լրատվամիջոցները, որոնք կարող են հրահրել այդ ատելությունը, բայց կարող են նաև աջակցել, որպեսզի դա հաղթահարվի:

– Իշխանությունը չի՞ հրահրում:

– Իհարկե ոչ, ես ասում եմ, որ սա երկկողմանի գործընթաց է:

– Պարո՛ն Մելիքյան, կարո՞ղ ենք ասել, որ համանման քայլերով իշխանությունը փորձում է ճնշել կամ ճնշում է լրատվական դաշտի ներկայացուցիչներին:

– Առհասարակ բոլոր իշխանությունները, նույնիսկ ժողովրդավարական ձևով իշխանության եկածները, գալիս են այն կետին, որ լրագրողների ու լրատվական դաշտի վրա ճնշումներ գործադրելու փորձեր են ձեռնարկում, հարցն այն է, թե ինչպիսին են դրանք, ու ի՛նչ արդյունքի են հասնում: 

Կարծում եմ, որ այս իշխանությունների գործողությունները բավականին յուրովի են, չնայած առկա սահմանափակումներին, այնուամենայնիվ լրագրողները կարողանում են խորհրդարանի գործունեությունը բավականին հաջող լուսաբանել, բայց, բնականաբար, կարևոր է, որ լրագրողներն ավելի ազատ լինեին ու գործեին, ինչպես նախկինում: Մեծ հաշվով չկա այնպիսի թեմա, ու չկա մի լրատվամիջոց, որը չկարողանա արտահայտել այն տեսակետը կամ լուսաբանել այն թեման, որն ուզում է, սա կարևոր հանգամանք է: 

Վիճակը տագնապալի է այն առումով, որ պետական մարմինները պաշտոնական տեղեկատվությունը մեծ դժվարությամբ են տրամադրում լրատվամիջոցներին, մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ վիճակը վատթարացել է: Գրավոր հարցումների պատասխանները շատ հաճախ անհիմն մերժվում են, կամ պատասխանները չեն արտացոլում հարցերի բուն էությունը, լղոզված ու ոչ ամբողջական են լինում, ու իրավիճակը գնալով վատանում է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am