Չինաստանից բողոքի նոտա չենք ստացել, Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Աննա Մկրտչյանի դեմ. Խոսնակ

«Իհարկե ո՛չ, Չինաստանից բողոքի նոտա չենք ստացել, իսկ փոխադարձ ռեպլիկները չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Աննա Մկրտչյանի դեմ վիրավորանքի համար»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կրքերը թեժացան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով պատգամավորներին, կոչ արեց լռություն պահպանել, նշելով, թե պատգամավորը սեփական փորձով էր կիսվում։

Սիմոնյանին արձագանքելով՝ Մկրտչյանն ասաց՝ տխմար։ Ի պատասխան Աննա Մկրտչյանի՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Տխմարը դու ես, ա՛յ չինական… Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես: Ամեն մեկին բերում շպրտում են…»։

Այնուհետև ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ու Աննա Մկրտչյանի ելույթներին:

Վերջինիս ելույթի հետ կապված՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշեց հետևյալը. «Իմ դիրքից ելնելով՝ չեմ կարող շատ բան պատասխանել, առավել ևս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում, դրա համար ես չշարունակեմ»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am