«Պողոս Պողոսյանի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը արմատապես տարբերվում է նախորդից». Արթուր Սաքունցը օբյեկտիվ քննության հույս ունի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– 2001-ին Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարան Աղամալ Հարությունյանի նկատմամբ վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու։ Օրերս Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է։ Ձեր կարծիքով՝ գործը մտնում է նոր հո՞ւն, և ի՞նչ սպասումներ կան։

– Նախ՝ այն, որ Պողոս Պողոսյանին սպանել են, և այդ մասին ժամանակին հրապարակվել էին նյութեր, որոնցում հիշատակվում էր Բրիտանիայի քաղաքացի Նյութոնը, բոլորիս է հայտնի։ Նաև ակնհայտ էր, որ այն ժամանակ թե՛ նախաքննությունը, թե՛ դատաքննությունը գնաց այն հունով, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանն ամենամեղմ պատիժը կրի։ 

Այն, որ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի իրականացվել, դա ևս հայտնի է։ Ուշագրավ էր, որ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո որոշ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքն այլ կերպ կխոսեր, եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ։ Ի դեպ, այսօրվա շատ «մտահոգներ», երբ փորձում են շահարկել մարդու մահը, որպես փաստարկ օգտագործելով և այդ մահվանը որակումներ տալ, մոռանում են, որ այն ժամանակ Քոչարյանը նույնիսկ ցավակցական մեկ խոսք չասաց մի մարդու մահվան կապակցությամբ, որի մահվան մեջ ինքը պատասխանատվություն ուներ, քանի որ իր թիկնապահներն էին սպանել և իր ներկայությամբ էին նրան տարել։ 

Ես ակնկալում եմ, որ, ի վերջո, օբյեկտիվ քննություն իրականացվի, որովհետև դատախազության հրապարակած ուսումնասիրության մեջ նշվում էր, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը արմատապես տարբերվում է նախորդից։ Այստեղ մարմնական վնասվածքների բնույթը բոլորովին այլ էր՝ գանգուղեղային կոտրվածքներ և այլն։ 

Կարծում եմ, որ նաև պետք է քննություն իրականացվի հենց Ռոբերտ Քոչարյանի անձնական մասնակցությամբ, որովհետև այն ժամանակ նա հրապարակավ բացարձակապես որևէ ջանք չի գործադրել, որ դեպքը տեղի չունենա։ Նա կարող էր իր թիկնապահներին հրահանգել, որ այդ արտահայտության համար որևէ քայլ չկատարեին, ասենք, ասեր՝ վերադարձեք։ Երբ «պրիվետ Ռոբ» արտահայտության համար թիկնապահներն սկսում են շարժումներ կատարել, ինքն արդեն դրա մասին տեղյակ էր։ 

– Այսինքն նա և՞ս պետք է անձնական պատասխանատվության ենթարկվի։

– Ես չգիտեմ՝ ի՛նչ պատասխանատվություն կարող է լինել, բայց անմիջական գործողություններին իրազեկ լինելու, իր թիկնապահների գործողությունները կանխելու միջոցներ չձեռնարկելու հարցերը պետք է պարզվեն։ Դրա համար հիմք է իր հայտնի հայտարարությունը, որում բացարձակ զղջում չկա։ 

– Մինչև հիմա բոլոր մեղադրանքները, որոնք առնչվել են Ռոբերտ Քոչարյանին, նրա թիմակիցների կողմից դիտարկվել են որպես քաղաքական հետապնդում։ Հիմա այս գործի բացահայտումը իրավապահների կողմից ի՞նչ է ցույց տալիս։ Սա նույնպե՞ս կդիտարկվի որպես քաղաքական հետապնդում։

– Քրեական հանցագործությունների համար քրգործերի հարուցումը, վերանայումը և այլն, պայմանավորված են այդ փաստերով ժամանակին օբյեկտիվ քննություն չիրականացնելով։ Ժամանակին եթե Պողոս Պողոսյանի սպանության փաստով օբյեկտիվ քննություն իրականացվեր, ապա այսօր այդ գործը վերաբացելու օբյեկտիվ հիմքեր չէին լինի։ Հիմա դա չվերաբացե՞լ, թողնել, որ այդ հանցագործությունը իրավական գնահատական չստանա՞։ 

Ես կարող եմ հարց բարձրացնել, թե ինչո՛ւ միայն այդ սպանության գործով։ Օրինակ՝ Լոռու մարզի դատախազի սպանությունը մնում է օրակարգում։ Դա ավելի ուշ է տեղի ունեցել՝ 2007-ի օգոստոսին։ 

Կան էլի սպանություններ։ Ես հասկանում եմ, որ ամեն մի սպանության փաստով նորից հետաքննություն իրականացնելու համար ռեսուրսները չեն բավարարում, ժամանակն էլ քիչ է, բայց կարծում եմ, որ սպանության այն բոլոր դեպքերը, որոնցով քրեական գործը կասեցվել է՝ մեղավորներին չգտնելով, պետք է վերաբացվեն։ 

Հիշեցնեմ 2010 թվականին Կախյանների ընտանիքի սպանությունը Լոռու մարզում, որը նույնպես կասեցվել է հանցագործներին չբացահայտելու հիմքով։ Այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսելն ավելորդ է։ Ցավոք, մարդկանց սպանությունների մեջ մասնակցություն են ունեցել նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Դա եղել է այդ ժամանակին բնորոշ վիճակը։ 

Սա նաև պետք է դաս լինի, որ որևէ հանցագործություն որևէ մեկի նկատմամբ, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա հայացքներից, զբաղմունքից, չի մնալու անպատիժ, այդ թվում նաև՝ քննությունն այդպես իրականացնողների համար։ Ի վերջո, ո՛վ է եղել այն քննիչը, այն դատախազը, որոնք նման որակի քննություն են իրականացրել։

– Երբ շատերի գնահատմամբ դատական համակարգում առկա են լրջագույն խնդիր, ճգնաժամ, երբ դատական համակարգը՝ շատերի պնդմամբ, ենթարկվում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ գործերը վերաբացվելու դեպքում կստանան ցանկալի իրավական գնահատական։

– Ոչ մի երաշխիք չկա, դրա համար նման գործերը լինելու են այն ստուգիչ միջոցը, որը հնարավորություն կտա դատական իշխանության մեջ գտնվողներին իրենց դեմքը փրկելու, եթե, իհարկե, տեսականորեն նման հնարավորություն կա։ 

Երբ նախօրեին ՊԵԿ-ի աշխատակիցը, որը մեղադրվում էր կաշառքի մեջ, դատարանի կողմից արդարացվեց, խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ կորած չէ։ Բայց ես չէի ուզենա, որ մենք հույսը դնենք առանձին դրվագային դեպքերի վրա, այլ իրապես համակարգային, արմատական փոփոխություն իրականացնենք։ 

Երբ 30 տարի դատական համակարգն այլանդակված է եղել, ես հասկանում եմ, որ մեկ տարում անհնար է դա փոխել, բայց միաժամանակ չպետք է տուրք տալ այն բոլոր շահարկումներին այն անձանց կողմից, որոնք անմիջականորեն պատասխանատու են նման դատական իշխանություն ունենալու համար։ 

Պետք է իրականացնել վեթինգ, այսինքն՝ զտել, մաքրել, դատաիրավական համակարգում ազատվել այն մարդկանցից, որոնց պատասխանատվությունը մարդու իրավունքների խախտման մեջ արձանագրված է առնվազն ՄԻԵԴ-ի վճիռներով։ Նրանցից պետք է ազատվել, այսինքն՝ պետք է համապատասխան օրենք ընդունել։ Զուգահեռաբար պետք է նաև աշխատանքներ կատարել նոր կադրերով համակարգը համալրելու ուղղությամբ։ Սա չպետք է ուշացնել, որովհետև պատասխանատվությունը դու ես կրում, եթե նույնիսկ այս համակարգը քո ստեղծածը չէ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am