«Չինացի երեխաներին հայկական տարազ էինք հագցրել ու մեր պարերն էինք սովորեցնում». Հայաստանից` Չինաստան. մի որոշման պատմություն

Դեռ 2020 թվականին Սվետլանա Հովհաննիսյանը չէր էլ կարող պատկերացնել, որ երկու տարի անց չինացի երեխաներին կսովորեցնի «Յարխուշտա» պարել ու կպատմի Տիգրան Մեծի մասին։ Ասում է՝ այսօր արդեն չինացի երեխաները և անգամ ուսուցիչներն իրենք են խնդրում, որ հայկական դուդուկի երաժշտություն միացնի, որպեսզի դրա հնչյունների ներքո նախաճաշեն։ 

«Շաբաթական երկու անգամ օտարերկրացի ուսուցիչը, բացի բուն անգլերենի դասավանդումից, պարտավոր է նաև չինացի երեխաներին ծանոթացնել որևէ երկրի և դրա մշակույթին, և ես երեխաներին պատմեցի Հայաստանի մասին։ Չինացի երեխաներին հայկական տարազ էինք հագցրել ու մեր պարերն էինք սովորեցնում։ Մինչ հիմա երեխաներն այնքան ոգևորված են, որ երբեմն ձևացնում են, թե դհոլ են խփում, դուդուկ են նվագում և այլն։ 

Չինացի երեխաներն այնքան են սիրում Հայաստանը, որ ամեն հարմար առիթի ձեռքիցս քաշում, տանում են, որպեսզի իրենց էլի պատմեմ Տիգրան Մեծի ու Հայոց պատմության տարբեր դրվագների մասին»,- «Մեդիալաբին» պատմում է Սվետլանան։ 

Մինչ այս փուլին հասնելը 30-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը և ամուսինը՝ 30-ամյա Սիրաք Սարգսյանը երկար ու բարդ ճանապարհ են անցել, իսկ Չինաստան մեկնելու որոշումն ամուսինների համար նույնքան ինքնաբուխ և անսպասելի էր, որքան անցած ուղու ամեն քայլափոխը։

«Անընդհատ տարբեր առիթների, հանդիպումների ժամանակ մեր ընկերները, ծանոթները պատմում էին Չինաստանի հետաքրքիր կյանքի մասին։ Մենք երկուսս էլ աշխատում էինք բանկում ու շատ չէինք մտածում այդ ուղղությամբ կամ էլ ասում էինք՝ դե լավ, մի օր մի բան կանենք»,- հիշում է Սվետլանան և հավելում՝ հենց այդ ժամանակ էլ սկսեցին հետաքրքրվել Չինաստան տեղափոխվելու, աշխատանք գտնելու և այլ մանրամասներով։ 

«Մեր որոշումն ավելի ամրապնդվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, որին ամուսինս մասնակցել էր որպես կամավոր։ Մենք հասկացանք, որ երկուսս էլ ճանապարհորդելու և Հայաստանից մի որոշ ժամանակով հեռու լինելու կարիք ունենք»,- նշում է նա։

Բավականաչափ տեղեկություններ հայթայթելուց հետո ամուսինները վերջնականապես որոշում են տեղափոխվել Չինաստան: Մեծ դժվարությամբ Հայաստանից` Նեպալ, ապա` Չինաստան հասնելով՝ հասկանում են՝ առանց աշխատանքի երկար գոյատևել չեն կարող և սկսում են աշխատանքի փնտրտուքները բոլոր հնարավոր տեղերում։ 

Ասում են՝ մեծ էին ակնկալիքները հատկապես Չինաստանի հայ համայնքից, որոնց ներկայացուցիչներն ամեն կերպ օգնում են իրար։

«Օրինակ՝ եթե քո մանկապարտեզում կամ դպրոցում թափուր հաստիք կա, հայկական խմբերում գրառում ես անում, ու ով աշխատանքի կարիք ունի, գալիս է։ Ուղղակի պիտի կապի դուրս գաս տեղի հայ համայնքի հետ։

Ցավոք, մենք Չինաստան էինք հասել փետրվար ամսին, երբ իրենց մոտ նշվում էր չինական Նոր տարին, ու բոլոր աշխատանքի գործակալությունները հրաժարվում էին այդ օրերին աշխատել։ 

Հենց այդ պահին, երբ մենք այլևս չգիտեինք՝ ինչ անել, ամուսինս զանգ ստացավ իր վաղեմի կուրսընկերներից մեկից, որն առաջարկեց կապվել իր ընկերներից մեկի հետ, որն այդ ժամանակ Չինաստանում էր։ Դե մենք էլ առանց վարանելու իր հետ կապի դուրս եկանք»։

Պարզվեց՝ հենց այդ ժամանակ, երբ Չինաստանում խիստ կարանտինային ռեժիմ է եղել, ուսուցիչների մեծ մասը հեռացել է, իսկ մասնավոր դպրոցներում ու մանկապարտեզներում ուսուցիչների պակաս էր: Այդ կրթական հաստատություններից մեկն էլ երկրի հարավում գտնվող Ֆոշան քաղաքի մանկապարտեզներից մեկն էր, որտեղ արդեն տևական ժամանակ երկու օտարերկրացի ուսուցիչ էին փնտրում։

«Ծնողներն արդեն սկսել էին բողոքել, որ իրենք մեծ գումարներ են վճարում իրենց երեխաների կրթության համար, իսկ ուսուցիչ չկա։ Այդ պատճառով երբ մանկապարտեզի տնօրենը զանգեց, նույնիսկ հարցեր չտվեց, միանգամից հարցրեց՝ երբ կարող եք գալ, պատասխանեցինք՝ մի քանի օրից։

Կարճ ժամանակ անց մենք տուն ստացանք և տեղացի ուսուցիչներից 4-5 անգամ ավելի վարձատրվող (մոտ 910.000 դրամից սկսած) աշխատանք, որովհետև չինացիները շատ են կարևորում կրթությունը և հատկապես՝ օտարերկրացի ուսուցիչների մատուցած գիտելիքները կրթական հաստատությունում»,- ասում է Սվետլանան։

Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը միայն մանկապարտեզում են իմացել, որ պիտի դասավանդեին ինչ-որ հատուկ ծրագրով։ Պարզվում է՝ այդ ծրագիրը ներառում է երեխաների կողմից ամեն կիսամյակ ընտրվող որևէ ոլորտի ուսուցանում՝ խաղային մեթոդների կիրառմամբ և նոր հմտությունների ձեռքբերմամբ: 

Նախկինում Սվետլանա Հովհաննիսյանը նման փորձ ունեցել էր, քանի որ հայաստանյան կազմակերպություններից մեկում սոցիալական աշխատող է եղել, որտեղ ևս փորձել է զարգացնել ոչ ֆորմալ կրթությունը: Սակայն նշում է՝ նույնիսկ այդ պայմաններում չինական ոչ ֆորմալ կրթական համակարգը նորություն էր իր համար։ 

«Երեխաների հետ Հայաստանի մասին դաս ենք ունեցել։ Չինացի երեխաներին շատ էր հետաքրքրում՝ արդյոք Հայաստանը մե՞ծ է, ասում էին՝ օրինակ, ա՛յ էս մեր քաղաքի չա՞փ է, իսկ Ֆոշան քաղաքը մոտ 8 միլիոն բնակչություն ունի, ու երբ ասում եմ՝ չէ, փոքր ա, մեր քաղաքից փոքր, իրենք զարմանում են։ Բայց իրենք մի բան են ֆիքսել՝ որ առաջ Հայաստանը մեծ էր, իսկ հիմա՝ չէ»,- պատմում է Սվետլանան ու հավելում՝ երեխաներին շատ է հետաքրքրում նաև այն, թե ինչ հարաբերությունների մեջ են Հայաստանն ու Չինաստանը։

«Ես իրենց միշտ պատմում եմ, որ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են։ Չինաստանը, օրինակ, շատ ավտոբուսներ է նվիրել Հայաստանին։ Մեկ էլ տեսնում եմ, որ ինչ-որ դերային խաղ են խաղում, որի ընթացքում իրենցից մեկը Չինաստանն է, մյուսը՝ Հայաստանը, և նա, ով Չինաստանն է, շատ մեքենաներ է նվիրում Հայաստանին»։

Սվետլանայի խոսքով՝ Չինաստանի հարավում ապրող փոքրիկներին շատ է դուր եկել Հայաստանի ձյունը, որն իրենք տեսել են նկարներով, և փոքրիկները երազում են ճանապարհորդելու հնարավորության դեպքում գալ ու անպայման տեսնել Հայաստանի ձյունը։

Չինացի երեխաները երբեմն նախանձով են նայում նաև այն բանին, որ Սվետլանան կարող է գրկել, համբուրել իր երեխային, որովհետև Չինաստանում ընդունված չէ ծնողի կողմից իր երեխային համբուրելը:

«Էստեղ մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, երբ ծնողը գրկում կամ համբուրում է իր երեխային։ Երբեմն տեսնում ես, որ մանկապարտեզից դուրս եկած երեխան հրճվանքով «մամա» գոռալով վազում է մոր մոտ, և մոր միակ արձագանքը ընդամենը երեխայի ուսին թփթփացնելն է։

Երբ 13-14 տարեկան երեխաները գալիս են մեր տուն պարապելու, տեսնում են, որ ես իմ երեխային գրկում, համբուրում եմ, զարմանում են, ասում են՝ դու իրո՞ք ուզում ես նրան համբուրել։ Հետո ձեռքերով ցույց են տալիս գրկելը, ասում են՝ օտարերկրացիները սա էլ են, չէ,՞ շատ սիրում»,- ասում է Սվետլանան և հավելում՝ բացի այս ամենից, չինացիները նաև այլ մշակութային առանձնահատկություններ ունեն, որոնք իրենց համար սկզբնական շրջանում շոկային էին։

«Օրինակ՝ երբ ուտելիքն իրենց դուր է գալիս, և ուզում են ցույց տալ, որ համեղ է, ճպճպոցով են ուտում, իսկ մեզ համար դա տհաճ է։ Իրենց համար շատ կարևոր են հանգստի և սնվելու ժամերը, և իրենք ոչ մի րոպե չեն խախտում այդ ժամերը։

Եթե, օրինակ՝ գնացել ես հիվանդանոց, մի քանի ժամ հերթ կանգնել, որ բժիշկը քեզ ընդամենը մեկ նախադասություն ասի, բայց նրա հանգստի ժամն արդեն մեկ րոպե սկսվել է, բժիշկը քեզ բարի դեմքով պարզապես կասի՝ ներեցեք, իմ հանգստի ժամն է, կարող եք մոտենալ 2-3 ժամ հետո»։

Սվետլանան ասում է՝ Չինաստան տեղափոխվելուց հետո շատ բարդ են դարձել սննդի հետ իրենց հարաբերությունները՝ չինական մշակույթի պայմաններում հանգիստ սնվել չես կարող, որովհետև մտքիդ ծայրով անգամ չի կարող անցնել, թե ինչ կա, օրինակ, ձեռքիդ պաղպաղակի կամ շոկոլադի մեջ։

«Կարող ես պաղպաղակ ուտել ու հանկարծ հայտնաբերել, որ մեջը լոբի է, ու ամենավատն այն է, որ շատ հաճախ այնպիսի իրավիճակում ես, որ չուտել պարզապես չես կարող կամ էլ չուտելով կարող ես նեղացնել այն հյուրասիրած մարդուն:

Այսօր արդեն իրենք ըմբռնումով են մոտենում նրան, որ այդ ամենը մեզ համար անսովոր է, ու որևէ բան հյուրասիրելիս ասում են՝ գիտես, այս կոնֆետը կծու է, կամ դրա մեջ այս կամ այն բաղադրիչը կա»,- պատմում է Սվետլանան՝ ընդգծելով, որ ամեն դեպքում հայերն ու չինացիները նաև շատ նմանություններ ունեն։

«Երկու ժողովուրդներն էլ, օրինակ՝ կարևորում են ընտանիքը, ընտանեկան արժեքները։ Բայց ցավով պիտի նշեմ, որ հայերի ու չինացիների նմանությունները շատ են նաև բացասական առումով՝ երկուսի մոտ էլ դեռևս առկա է տղա երեխաներին առավելություն տալու միտումը, ընդ որում՝ լրիվ նույնն են նաև պատճառները։ Աղջիկ երեխաների դաստիարակությունն ավելի խիստ է, և նրանց իրավունքներն էստեղ ավելի սահմանափակ են։ 

Ցավալի է նաև, որ ֆիզիկական բռնությունն էստեղ երեխային դաստիարակելու մեթոդ է։ Եթե, օրինակ՝ երեխան որևէ ուսուցչի հանդեպ մի սխալ քայլ է արել, ուրեմն կորած է։ Ամեն դեպքում, վերջերս սկսել են դրական փոփոխություններ»։

Սվետլանա Հովհաննիսյանի և Սիրաք Սարգսյանի առաջնեկը՝ Սեմը, ծնվել է Չինաստանում 2022-ի ապրիլին։ Երեխան անվանակոչվել է այն անվամբ, որով չինացի փոքրիկները դիմում են Սիրաքին՝ այդ անունը արտաբերել չկարողանալու պատճառով։

Այսօր փոքրիկ Սեմին խնամում է չինացի դայակը, որովհետև մանկապարտեզը Սվետլանային երկարատև արձակուրդ չի տրամադրում։ Թեև երբեմն դայակի հետ հաղորդակցման խնդիրներ են առաջանում, այնուամենայնիվ, ծնողներն ասում են՝ երեխային շատ է սիրում։ Ամուսիններն էլ իրենց հերթին սկսել են չինարեն սովորել, որպեսզի կարողանան ավելի լավ հաղորդակցվել, մանավանդ երբ առջևում երեխայի խնամքի հետ կապված ավելի լուրջ հարցեր կան։

«Կարող էր պատահել, որ ասեի՝ կաղամբ պատրաստիր, վերադառնայի ու տեսնեի, որ գազար է պատրաստել, կամ էլ ասել եմ՝ երեխային քնեցրու, իսկ ինքը լողացրել է։ Հիմա ես ու Սիրաքն էլ արդեն կարողանում ենք որոշ բաներ չինարենով ասել, բայց հետո, իհարկե, ավելի լավ կստացվի»,- ասում է Սվետլանան և հավելում՝ չինական կյանքի, առօրյայի, աշխատանքի և այնտեղ տեղափոխվելու հարցերի շուրջ հետաքրքրվածներին պատասխանելու համար ինստագրամյան իր բլոգն է վարում, որտեղ սիրով անդրադառնում է բոլոր թեմաներին։ 

Սվետլանան ասում է՝ թեև Չինաստանում կյանքն իրոք լավ է, բայց իրենք գնացել են՝ պարտադիր Հայաստան վերադառնալու մտադրությամբ, իսկ Չինաստանում մնալը ժամանակավոր բնույթ է կրում՝ Հայաստանում կյանքը երկարատև կառուցելու համար։

«Մենք միանշանակ վերադառնալու ենք Հայաստան, ուղղակի Չինաստանը նպաստում է նրան, որ մեր նպատակներն ավելի արագ իրականացնենք։ Ուզում ենք Հայաստան վերադառնալ ու մեր սեփական գործը սկսել, շատ աշխատատեղեր ստեղծել և այլն, իսկ այս պահին Չինաստանն ուղղակի օգնում է մեր այդ նպատակների իրականացմանը»,- ասում է Սվետլանան։ 

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ անձնական արխիվ

MediaLab.am