Լավ օրից չէ, որ չենք կարողանում մեր պահանջները պարտադրել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր

Այսօր երեկոյան ժամը 20:00-ից Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել Բերձորի միջանցքով: Արցախի իշխանությունները վստահեցնում են, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, արդեն պատրաստ է, իսկ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են՝ հսկելու քաղաքացիների ազատ ելումուտը:

«Այս ճանապարհը ապահովելու է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև անխափան կյանքը, այս ճանապարհը մեզ պարզապես շնչելու հնարավորություն է տալիս»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

Նկատենք՝ հայկական կողմը միայն վերջերս էր հայտարարել, որ սկսել է Տեղ-Կոռնիձոր 11.8 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջ էր դրել ազատել Աղավնոն, Բերձորը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ երեք շինարարական ընկերություններ աշխատում են ճանապարհի կառուցման վրա, և նախատեսվում է, որ մինչև մայիս դրանք կավարտվեն, և ասֆալտապատված ճանապարհը կհանձնվի շահագործան: 

4.7 կիլոմետրանոց հատվածը Արցախի իշխանությունները ամբողջությամբ վերանորոգել, պատրաստել են այս տարի: «Դուք պատկերացրեք՝, եթե ժամանակավոր ճանապարհի այդ հատվածը չլիներ, պետք է ստիպված լինեինք շարժվել Բերձորի, Աղավնոյի միջով, այսինքն՝ ադրբեջանցիների, նրանց զորքի միջով, օկուպացված տարածքների միջով, ինչ-որ մի տեղ սադրանքների, ինչ-որ մի տեղ նվաստացումների ենթարկվելով գնալ-գալ»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե չունի՞ մտավախություններ ռուս խաղաղապահների հսկողության հետ կապված, կհաջողվի՞ խաղաղ առաքելություն իրականացնել՝ հաշվի առնելով, որ նրանց հսկողության տիրույթում միջադեպեր եղել են, Հովհաննիսյանը պատասխանում է. 

«Այսօր մենք այն վիճակում չենք, որ թեթևամիտ անհոգությամբ և ինքնավստահ անտարբերությամբ ապրենք, ցանկացած պարագայում թշնամին կարող է որևէ սադրանքի գնալ, դա բացառված չէ: Բայց դա սարքել ողբերգություն, ճիշտ չէ: Ուղղակի պետք է պատրաստ լինենք՝ հնարավոր սադրանքներից խուսափելու կամ հակադարձ քայլեր ձեռնարկելու համար»:

Դիտարկմանը, թե հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող պահանջները, սակայն ադրբեջանական կողմը նույնքան հետևողական չէ, ինչպես, օրինակ՝ այդ երկրում պահվող ռազմագերիների վերադարձման պահանջն է, արցախցի պատգամավորն արձագանքում է. 

«Այդ հարցը ամբողջությամբ իշխանությունների պատասխանատվության ներքո է, իրենք պետք է ասեն, թե ինչու են այդքան համեստ: Բայց ես ենթադրում եմ, որ լավ օրից չէ, որ այսօր չենք կարողանում մեր պահանջները պարտադրել Ադրբեջանին: Փաստացի այսօր այնպես են դասավորվել հանգամանքները, որ Ադրբեջանը կարողանում է անել իր ուզածը՝ մտնել Սև լճի տարածք, մտնել Որոտան, անվանափոխել տարածք: Դա նրանից է, որ մենք պարտված կողմ ենք ու այդ դիրքերից ենք ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Նաև պարզ է, որ կարելի է ատամ ցույց տալ ու զիջողական կեցվածք չընդունել, բայց կոնկրետ այս պարագայում Հայաստանի իշխանություններից ատամ ցույց տալու ընդունակություն ես չեմ տեսնում: Դրա համար համապատասխան ոգի ու վճռականություն են պետք: Բայց նրանց ցույց տված կոպտագույն սխալների հետևանքով այդքան համարձակություն չունեն թշնամուն կամ այլ ուժերին ուղղակի դրսի դուռը ցույց տալ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am