Վանո Սիրադեղյանը ոչ մեկից նեղացած չէր. Խաչատուր Սուքիասյան․ Ազատություն

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»: Առայժմ, սակայն, հայտնի չէ անգամ՝ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան, գրում է Ազատությունը։

Նրա մերձավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով` արտասահմանում Սիրադեղյանը այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան, որովհետև նրա մահից հետո նա այլ ձևով է գրանցված: Տեխնիկական, իրավական խնդիր կա»:

Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հաղորդագրությունից երկու օր անց վարչապետը և նախագահը դեռ չեն ցավակցել: Կառավարությունից չպատասխանացին՝ դիակի տեղափոխման, հուղարկավորության համար ստեղծվելո՞ւ է պետական հանձնաժողով։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միանշանակ կողմ է, որ գերեզման հատկացվի Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ ականավոր գործիչների կողքին։ Սուքիասյանը չի թաքցնում՝ կապի մեջ է եղել Սիրադեղյանի հետ, որին իրավապահները քսան տարուց ավելի որոնում են. «Ինքը ոչ մեկից նեղացած չէր: Դա շատ մեծ արժեք է, երբ որ մարդը ոչ մեկից նեղացած չի, ուղղակի ճիշտ, սթափ գնահատում է քաղաքական բոլոր գործընթացները և միշտ ասում էր, որ վտանգները շատ են, մենք փոքր երկիր ենք»:

Դեռ 2018-ին՝ վարչապետ ընտրվելուց օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրավական լուծումներ է պետք գտնել Սիրադեղյանի վերադարձի համար:

«Վանո Սիրադեղյանը երկու հարց էր առաջ քաշել. ինքը չէր ընդունում, որ պետք է գա, և իրեն ձերբակալեն, նոր քննություններ գնան: Երկրորդը, ես ինչքան հասկացա Վանո Սիրադեղյանի մտքերից այդ ժամանակ, ինքն ուզում էր` հեղափոխությունից հետո այս իշխանությունը ևս ամրապնդվեր, նոր գար, որովհետև նա շատ հեռատես, շատ խորը պատկերացումներով մարդ էր: Հեռվում լինելուց տասնյակ մարդկանցից ավելի խորն է վերլուծել Հայաստանում ցանկացած գործընթաց, և նա հասկացել էր, որ դեռ խմորումներ կլինեն, դեռ խանգարողներ կլինեն», – նշում է Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում