Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներին․ Factor.am

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ԿԽ հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ամատունին, չորս օր անց իշխանությունների հետ դեռևս երկխոսություններ են ընթանում:

«Այս պահին գերեվարված անձանց այցելելու ուղղությամբ գործընթացները շարունակվում են։ Նախ՝ այս երկրի իշխանությունները պետք է հաստատեն իրենց մոտ գտնվող զինծառայողների անուն ազգանունները, ինչից հետո համապատասխան իշխանությունների հետ ներկոնֆիդենցիալ երկխոսություն կընթանա՝ իրավիճակը պարզաբանելու և հետագա գործողություններն իրականացնելու ուղղությամբ»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին հակառակորդի սադրանքի հետևանքով, նախնական տվյալներով հայկական կողմ ունի 6 զոհ, 4 վիրավոր, 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայող։