«Իշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու խնդիր է լուծվում». Ըստ Ստյոպա Սաֆարյանի`նման Սահմանադրություն Հայաստանը չպետք է ունենա

«Իշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու խնդիր է լուծվում». Ըստ Ստյոպա Սաֆարյանի`նման Սահմանադրություն Հայաստանը չպետք է ունենա
«Իշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու խնդիր է լուծվում». Ըստ Ստյոպա Սաֆարյանի`նման Սահմանադրություն Հայաստանը չպետք է ունենա

Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը՝ կառավարման համակարգը փոփոխելու դեպքում վարչապետի պաշտոնին չհավակնելու վերաբերյալ, քաղաքագետ, «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, բավական հետաքրքիր է և «թուլացնում է լարվածությունը»: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Սերժ Սարգսյանին է ներկայացվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանում անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին:

Հայեցակարգը դեռ պետք է հանրային քննարկման դրվի:

«Քննարկումների փուլն սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այսպիսով իշխանությունը վերևից սահուն կերպով ինչ-որ մեկին հանձնելու խնդիր է լուծվում:

«Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես, 10 տարի նստել է այդ պաշտոնում: Դե իհարկե իշխանությունը կհանձնի ինչ-որ մեկին, դրանում կասկած չկա: Բայց, կներեք, այն տպավորությունն է, որ փորձ է անում իշխանությունը վերևից հանձնել և ոչ թե թույլ տալ, որ ժողովուրդը հանձնի»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա ուշադրություն է հրավիրում Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի աշխատանքային տարբերակում տեղ գտած այն կետին, ըստ որի՝ «պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը»:

«Էդ ո՞վ է որոշել, թե ով է պատահական մեր երկրում: Էդ ո՞վ է որոշել ժողովրդի մեծամասնության կողմից տրված քվեին արժանի մարդուն անվանել պատահական մարդ»,- հարցադրում է անում Սաֆարյանը:

Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի աշխատանքային տարբերակն, ըստ վերլուծաբանի, պետք է լուրջ քննարկումներ անցնի:

Դրանով թեև փորձում են խորհրդարանական կառավարման դերը մեծացնել, սակայն, նրա խոսքով, չեն տրվել լավագույն լուծումները:

«Այնպիսի տպավորություն է, որ այս կետերը գրել է մի մարդ, ով ընդհանրապես չգիտի, թե ինչ է դեմոկրատիան: Ավելի լավ է հայտարարեին, որ անցում ենք կատարում բրիտանական թագավորական միապետական մոդելի, որ բերել են և երկրի նախագահի կարգավիճակը չգիտեմ որտեղ են հասցրել: Անհասկանալի մեխանիզմ է և երևում է, որ այս տողերը շարադրողն առնվազն իրավաբանությունից ու ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու է»,- ասում է նա:

Ըստ փոփոխությունների՝ «կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը»:

«Ես չեմ հասկանում, թե որտեղից են վերցրել դուալիստական գործադիր իշխանության վտանգը: Երևի նկատի ոնեն նախագահ-վարչապետ հակադրությունները: Բայց, կներեք, երկրի նախագահն այսպես թե այնպես գործադիր իշխանություն չէ, ի՞նչ դուալիստական գործադիր իշխանության վտանգի մասին է խոսքը, այն էլ արտաքին քաղաքականության ոլորտում, պաշտպանության, ազգային անվտանգության, որտեղ քաղաքականությունը նախագահն է իրականացնում: Վարչապետը տեղով կրակ էլ դառնա, դժվար թե կարողանա հակադրվել»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Անդրադառնալով երկբևեռ քաղաքական համակարգի խնդրին՝ Ստյոպա Սաֆարյանը հարցադրում է անում՝ ո՞վ է որոշել, որ Հայաստանում երկբևեռ քաղաքական համակարգ լինի:

«Ի՞նչ են ուզում անեն, բոլոր կուսակցություններին, այսպես ասած, զաստավիտով մտցնեն երկու կուսակցությո՞ւն: Սա ուղղակի անպատկերացնելի տգիտություն է: Գաղափարախոսությունների թիվը հասարակության  ներսում ոչ թե մի կիսագրագետ իրավաբան է որոշում, այլ հասարակության պահանջը: Համենայնդեպս որևէ մեկը հասարակությանը վերևից չի կարող պարտադրել, թե՝ դու պետք է ունենաս երկու խոշոր կուսակցություն, ու ամբողջ քաղաքական պրոցեսը պիտի գնա էդ երկու կուսակցությունների միջև: Երկբևեռ քաղաքական համակարգն անհեթեթություն է»,- ասում է վերլուծաբանը:

Ըստ փոփոխությունների՝ «հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները»։

Անդրադառնալով այս դրույթին՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ դա «շեդևր է»:

«Ինչ-որ մի պախա՞ն ենք ընտրում: Պետություն կառավարել սովորելու իրական դպրոցն աշխարհում կուսակցություններն են, որտեղ մարդիկ աճում են, դառնում են ղեկավար, նախարար, վարչապետ, հետո նոր երկրի նախագահ: Այստեղ փաստորեն պիտի ինչ-որ մեկը ինչ-որ մեկին աճացնի»,- ասում է Սաֆարյանը:

Վերլուծաբանը նշում է, որ այս փոփոխություններն այն չեն, ինչին արժանի է Հայաստանի ժողովուրդը, նման Սահմանադրություն Հայաստանը չպետք է ունենա:

«Ինչ-որ մեկն ուզում է նախագահի ինստիտուտը սարքել յոթ տարով տրվող ինչ-որ մի բան, որը վերևից պետք է նայի, անձեռմխելի մնա, և ոչ ոք դեմը դուրս չգա, ոչ մի քաղաքական պրոցես չգնա: Սա անընդունելի է»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը

© Medialab.am