Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) գալի՞ս են Ազգային ժողով, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ են ուզում անցկացնել: Նրանք գալի՞ս են որևէ միջոցառման, նրանք Ազգային ժողովի շենքում աշխատանք իրականացնո՞ւմ են:

Սեյրան Օհանյանի կուսակիցները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ և նա իրենց բոլոր հարցերին պատասխան տվել է: Կարծում եմ, որ այստեղ Սեյրան Օհանյանը կամ ստում է կամ ուղղակի տեղեկացված չի: Ես, հարգանքով մոտենալով իրեն, ենթադրում եմ, որ ինքն ուղղակի տեղեկացված չի, որովհետև ես գիտեմ, որ նույնիսկ Ազգային ժողովի աշխատանքների ժամանակ այնպես չէ, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը և ազդեցությունը շատ մեծ է «Հայաստան» դաշինքում, և բոլորը իրեն տեղյակ են պահում, թե ինչ է կատարվում: Ուստի, կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե ինչ են խոսել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ կամ ճշտի՝ ընդհանրապես միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար արդյոք խորհրդարան պե՞տք է գան: Երբ խոսում են պարտականությունների մասին, ներողություն եմ խնդրում, բայց նախ և առաջ իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, գան Ազգային ժողով»,- ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երկու անգամ նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:

«Ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»,- ասել է Օհանյանը: