Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան:

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:

Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին…

Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ:

Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:

Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի:

Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին:

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:

Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու:

Փա՛ռք Հայոց բանակին: