Ադրբեջանում իշխանությունները արգելափակել են անկախ լրատվամիջոց OC Media-ի հասանելիությունը։ Թեև պաշտոնական հիմնավորումը դեռևս չի հրապարակվել, արգելափակումը հաջորդել է լրատվամիջոցի կողմից ԱՄՆ Կոնգրեսում անցկացված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով միջոցառման վերաբերյալ հրապարակմանը, ինչը նոր հարցեր է առաջացնում Ադրբեջանում խոսքի ազատության և անկախ մեդիայի նկատմամբ ճնշումների վերաբերյալ։
OC Media-ն վերջին տարիներին համարվում է Հարավային Կովկասի ամենահեղինակավոր անկախ լրատվամիջոցներից մեկը՝ լուսաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական ու հասարակական զարգացումները։ Ադրբեջանում կայքի հասանելիության սահմանափակումը դիտարկվում է որպես անկախ տեղեկատվության տարածման հերթական սահմանափակում։
Ի՞նչ էր հրապարակել OC Media-ն
Հունիսի 25-ին OC Media-ն հրապարակել էր հոդված այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Baku Initiative Group կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է համաժողով՝ նվիրված Առաջին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Հայաստանից ադրբեջանցիների տեղահանությանը։
Համաժողովը կրում էր «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրովի մոտեցումներ» խորագիրը։ Հոդվածում նշվում էր, որ կազմակերպության գնահատմամբ սա առաջին նման միջոցառումն էր ԱՄՆ Կապիտոլիումում։ OC Media-ն նաև ներկայացրել էր միջոցառման մասնակիցների ցանկը՝ նշելով, որ հրավիրված էին փախստականների իրավունքների, ազգային փոքրամասնությունների պաշտպանության, միջազգային իրավունքի, ինչպես նաև տարբեր սփյուռքային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հոդվածում մեջբերվում էր նաև ադրբեջանական պետական APA գործակալության տեղեկատվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ում բնակվող «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչները ներկայացրել են իրենց անձնական պատմություններն ու տեղահանության փորձը։ Համաժողովի ավարտին ընդունվել էր հայտարարություն, որտեղ ընդգծվել էր վերադարձի իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի «հետևողական, արդար և ոչ խտրական» կիրառման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։



















