Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար,քանի որ Ադրբեջանի նպատակներից մեկը Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է.Արայիկ Հարությունյան  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 
Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: 


Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:  


Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:  
Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ: 


Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման: 
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»: